Էրդողանի պատասխանը Իրանին․ ՀՀ ԱԳՆ-ն լռում է․․․

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ օկուպացված Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացելու։ Նա մասնակցել է Կովսականի օդանավակայանի բացմանը, եղել Ջրականում, սակայն այս անգամ Շուշի չի այցելել։ 2021-ի հունիսի 15-ին Էրդողանի այցը հատկանշական էր նրանով, որ ստորագրվեց Շուշիի հռչակագիրը Բաքվի ու Անկարայի միջեւ, ինչպես նաեւ Մոսկվայի հետ համերաշխություն հայտնվեց Կարսի 1921 թ․ պայմանագրի հարցում։

Մոսկվայի արձագանքը չուշացավ՝ հունիսի 30-ին Շուշին Լավրովը ճանաչեց «ադրբեջանական», հանդիպումը՝ երկու երկրների գործը։ Կարսի պայմանագրի հիշատակումը Էրդողանի ու Ալիեւի կողմից պատահական չէր։ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս չի արձագանքել Էրդողանի այսօրվա հայտարարությանը, թեեւ 2021-ին նրա այցը Շուշի դատապարտել էր։ 2021-ին ԱԳՆ-ն դեռ ջախջախված չէր, իսկ քաղկոմիսարները տարված էին մոսկովյան պողպատե մանդատի համար նախընտրական պայքարով։

Էրդողանի այցը Շուշի ճակատագրական կարող էր դառնալ նրա համար, եթե ՀՀ ԱԳՆ թեկուզ վախվորած հայտարարությունն այն ժամանակ շարունակություն ունենար։ Մասնավորապես, խորհրդարանում 1921-ի ռուս-թուրքական Մոսկվա/Կարսի պայմանագրերի քննարկումներ նախաձեռնելով, որոնց իրավական առավելագույն ժամկետի սպառումն էլ դարձել էր Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական արշավի պատճառը։

Սակայն մոսկովյան մանդատն իր գինն ուներ դրա կրողների՝ նոր խորհրդարանի քպ-ական մեծամասնության եւ «ընդդիմության» համար, եւ այդ գինը Արցախն էր, Էրդողանի անպատիժ այցն էր Շուշի, ՀՀ խորհրդարանում ազգային հիմնարար խնդիրների, մասնավորապես 1921-ի պայմանագրերի, քննարկման բացառումով։

Եռակողմ հայտարարությունը Արցախյան խնդրի լուծում չէ եւ չի ճանաչվել որպես այդպիսին միջազգային օրինական մանդատի շրջանակում։ Ըստ այդմ, Շուշին մնում է թուրքերի կողմից օկուպացված քաղաք, եւ Թուրքիայի հյուպատոսության բացումը խնդրահարույց է։ Այս հանգամանքը հնարավոր է «հաղթահարել» միայն Մոսկվայի՝ միջազգային մանդատով օժտված ՄԱԿ ԱԽ-ում եւ Մինսկի խմբում այս խնդիրների չեզոքացմամբ, ինչն էլ արվում է։ Միաժամանակ, անհրաժեշտ է պաշտոնական Երեւանի ստորագրությունը կամ երաշխավորված համաձայնությունը եւ լռությունը։

Քպ-ական ագենտուրան եւ նրա սպասարկու սազանդարները «տակից» տարածում են, որ Արցախը հանձնում են, ճար չկա պահելու, որպեսզի Հայաստանը եւ մասնավորապես հարավը պահեն։ Եվ դա ներկայացվում է որպես իրատեսություն, ողջախոհություն, գրեթե հերոսություն։ Մեծ հերոսություն է իհարկե հայկական հողի մի մասը մյուս մասի հետ փոխանակելը։

Պատահական չէ, որ Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը տարածվեց նույն օրը, երբ Իրանը գլխավոր հյուպատոսություն բացեց Կապանում եւ կրկին վճռական հայտարարեց, որ թույլ չի տալու Իրան-Հայաստան սահմանի վերացումը եւ աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն։

Պատահական չէ նաեւ, որ Քպ-ական ագենտուրան եւ նրա սպասարկու սազանդարները լռության են մատնում այն հանգամանքը, թե աշխարհքաղաքական սահմաններ ասելով ինչ նկատի ունի Իրանը, դա ներկայացնելով զուտ Իրան-Հայաստան 45 կիլոմետրանոց հատվածը։ Այնինչ, իրանական շեշտադրումներում նկատելի է աշխարհքաղաքական առավել լայն՝ ԼՂԻՄ վարչական սահմանների եւ Նախիջեւանի սահմանի ընդգրկումը։

ՀՀ իշխանությունը չանցավ Նախիջեւանի «փորձությունը» եւ այսպես կոչված խաղաղության պայմանագրում չպնդեց ներառել Նախիջեւանի հարցը, որը Կարսի պայմանագրով հայկական ինքնավարություն է՝ ժամանակավորապես հանձնված Բաքվի խնամակալությանը։ Լրագիրը բազմիցս անդրադարձել է այն հնարավորություններին, որոնք կբացվեին Նախիջեւանի հարցը օրակարգ բերելով, այդպիսով առնվազն հավասարակշռելով Արցախի եւ ՀՀ հարավի հարցերը եւ Արցախի խնդրի քննարկումները բանակցային սեղանին վերադարձնելով։

Շուշին, Արցախը, Հայաստանի դեմ ահաբեկչական արշավը չափազանց թանկ է արժենում եւ դեռ արժենալու է Ռուսաստանի ու թուրքերի վրա, Հայաստանը Իրանի հետ դեռ վերաձեւելու է «Ադրբեջանը»։ Եվ ռուս-թուրքական տանդեմին չեն օգնելու ոչ քպ-ական, ոչ էլ ռուսանպաստ այլ ագենտուրային խմբերը։

(Visited 25 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ