Պուտինն աշխարհում առաջին պետական գործիչն է, ով ասել է, որ «Լեռնային Ղարաբաղը բնիկ ադրբեջանական տարածք է

Lragir.am-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Պարոն Չաքրյան, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը պետք է նման լինի Լաչինի միջանցքի կագավիճակին։ Ավելի վաղ՝ իշխանությանը պատկանող լրատվամիջոցում հրապարակում էր եղել այն մասին, որ Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

Թուրքերը զգալով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի նախաձեռնությունն աստիճանաբար Ռուսաստանից անցնում է Արևմուտքին, իրենց դժգոհությունն են հայտնում։ Պարզապես անմիջապես ԱՄՆ-ից ու Եվրամիությունից դժգոհել չեն կարող, նախընտրում են հենց Հայաստանից դժգոհել։ Բայց Եվրամիությունն ու ԱՄՆ-ն հաշտ չեն այս հարցի հետ, Թուրքիային առավել ևս չեն լսի։

Իհարկե, նախընտրելի է, որ նախաձեռնությունը Ռուսաստանից անցնի Արևմուտքին, որովհետև Ռուսաստանը, ինչպես Պուտինն է ասել, Թուրքիայի հետ համագործակցում է, այդ համագործակցությունը հրաշալի մակարդակի է հասել։ Այդ համագործակցությունը առավելագույնս դրսևորվեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսինքն՝ մենք ունենք մի «դաշնակից», որը սերտորեն համագործակցում է Հայաստանի հանդեպ թշնամանք հայտնող Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

Հիշում ենք ՀԱՊԿ-ի շուրջ վերջին պատմությունները։ Դա դեռ մի կողմ, 1995, ապա նաև 1997 թվականին Հայաստանը Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրեր ունի։ Այսինքն ՝ Ռուսաստանը ոչ միայն ՀԱՊԿ կտրվածքով է խախտել իր պարտավորությունները, նաև իր ստորագրած պայմանագրերից բխող պարտավորություններն է խախտել։ Եվ նախընտրելի է, որ հիմա այս գործընթացը տապալվի, մենք կորցնելու բան չունենք։

Ինչ վերաբերում է միջանցքին, ինչո՞ւ պետք է Հայաստանի տարածքով միջանցք տրամադրվի։ Նախ, Մինսկի խմբի փաստաթղթում Լաչինը միջանցք չէ, Պուտինի՝ Ադրբեջանին ու Թուրքիային ընդառաջ գնալու քաղաքականության պատճառով միջանցք դարձավ։ Դա էլ բխում էր Լեռնային Ղարաբաղի մասին նրա հայտարարություններից։ Ցավոք, ընդդիմության պնակալեզները, Պուտինից ավելի պուտինական լինելով, ասում են՝ Պուտինն այդպիսի բան չի ասել։ Ի՞նչ է ասել նա, Պուտինն աշխարհում առաջին պետական գործիչն է, ով ասել է, որ «Լեռնային Ղարաբաղը բնիկ ադրբեջանական տարածք է»։

Աչքը տնկել է մի բուռ Հայաստանի վրա և ինչքան հնարավոր է, պոկում է։ Հադրութը, Շուշին պոկեց, հետո ադրբեջանցի հրոսակներին թույլ տվեց, որ մտնեն ՀՀ տարածք ու դուրս չեն գալիս։ Թուրքիան էլ պնդում է, որ հաշտության պայմանագիր կնքեն։ Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո Էրդողանն ասել էր՝ մենք Հայաստանի առաջ որևէ պայման չենք դնում, եթե Հայաստանն Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրի, բոլոր խնդիրները կլուծվեն։

Բայց ներկայում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրել այն պայմաններում, երբ մեր ռազմագերիներին ազատ չեն արձակել, չգիտենք անհետ կորածների թիվը, խախտվել է մեր տարածքային ամբողջականությունը, նշանակում է, որ մենք Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր չարագործություններն ենք արդարացնում, նրանց հնարավորություն ենք տալիս օրինականացնել իրենց օկուպացիան։

Արևմուտքը հասցեական է խոսում Ռուսաստանի գործողությունների մասին, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Ռուսաստանին ուղիղ մեղադրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու մեջ՝ նշելով, որ Ռուսաստանը նպատակ ունի թուլացնել Հայաստանը։ Դուք նշում եք, որ գործընթացն անցնում է Արևմուտքի ձեռքը, ի՞նչ է սա նշանամում։

Իրենք դեռ ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական գերազդեցության տարածք համարվող Հարավային Կովկասից Ռուսաստանին վտարելու քաղաքական կուրս են որդեգրել։ Այն ժամանակ դա հնարավոր չեղավ իրագործել, հիմա, հատկապես, երբ Պուտինը խրվել է Ուկրաինայի պատերազմի մեջ ու ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ, դա հնարավոր է։ Թուրքերն էլ այդ մասին լավ գիտեն, փորձում են օգտվել Հայաստանի նեղ կացությունից, պարտադրել։

Պայմանը ձևակերպում են որպես հորդոր և ասում՝ եթե Հայաստանն ստորագրի, կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Թուրքիան, մասնակցելով 44-օրյա պատերազմին, առավել ևս այդ պատերազմին ներգրավելով վարձկան ահաբեկիչներին, հավանաբար մտածում է, որ նպաստել է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։

Եվ դեռ լկտիաբար խելք են սովորեցնում, դեռ չեմ խոսում նրանց ավելի լկտի հայտարարության մասին, թե Թուրքիան այս պատերազմին մասնակցում է, որ վերջնական ավարտին հասցնի 1915 թվականի երիտթուրքերի կիսատ թողած գործը։ Դա էլ մարդկության դեմ հանցագործություն է՝ ըստ ՄԱԿ-ի Ցեղսպանությունների կանխարգելման ու պատժման կոնվենցիայի։ Եվ եթե միջազգային աջակցությունը չլինել, Հայաստանը հավանաբար Զանգեզուրը վաղուց կորցրած կլիներ։

(Visited 139 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ