Այս շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան խոստովանել է, որ «մարտի սկզբից Արցախում պարբերաբար հրադադարի խախտումներ են տեղի ունենում»։ Նա նշել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերի շնորհիվ մարտի 13-ից ի վեր զինված միջադեպեր չեն գրանցվել։
Ռուսաստանն առաջին անգամ է ընդունում «հրադադարի պարբերաբար խախտումների» փաստը, սակայն չնշելով դրանց մեղավորին։ Բացի այդ, հրադադարի եռակողմ հայտարարությունը Մոսկվայի ու Բաքվի կողմից բազմիցս խախտվել է դրա կնքումից անմիջապես հետո, սակայն ամեն անգամ Ռուսաստանը պնդել է դրա «անվերապահ կատարումը»։
Մարիա Զախարովան այս անգամ նման կոչ չի արել, ինչը կարող է պայմանավորված լինել իրավիճակի փոփոխությամբ։ Դա հատկանշական է այն տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց՝ Ռուսաստանը Արցախում իր ռազմական կոնտինգենտից և Գյումրիի բազայից ստորաբաժանումներ է տեղափոխում Ուկրաինա։
Ուկրաինայում պատերազմն արագացնում է Կովկասից հեռանալու ՌԴ վաղօրոք մշակված ծրագիրը: Դա իր հերթին նշանակում «եռակողմ հայտարարության» ավարտը։
Այս ֆոնին, տարածաշրջանում ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում։ Անթալիայում՝ Լավրովի աչալուրջ հայացքի ներքո, անցկացվեցին հայ-թուրքական բանակցություններ, որից հետո Միրզոյանը հայտարարեց, որ հայ հասարակության մեծ մասը համաձայն է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ «առանց նախապայմանների»։
Իր հերթին, Բաքուն հրապարակեց իր նախապայմանները՝ Հայաստանին ներկայացնելով հինգ կետից բաղկացած վերջնագիր, որի էությունը 2020 թվականի պատերազմի արդյունքների, Թուրքիայի և Ադրբեջանի «ամբողջականության» ճանաչումն է, այդ թվում՝ Արցախի և Նախիջևանի (որը 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրով հայկական ինքնավարություն է՝ ժամանակավոր փոխանցված Բաքվի պրոտեկտորատին) Բաքվին պատկանելությունը։
Դիտեք նաև՝