Խոզի սրտով աշխարհում առաջին պացիենտն ապրել է 2 ամիս․կարդացեք ավելին․․․

Աշխարհում առաջին պացիենտը, որին գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սիրտ է փոխպատվաստվել, ապրել է 2 ամիս։ 57-ամյա Դեւիդ Բենեթը մահացել է մարտի 8-ին։

Ինչպես նշել են ամերիկյան լրատվամիջոցները հունվարի 7-ին կատարված վիրահատությունից որոշ ժամանակ հետո նոր սիրտը նորմալ է գործել, բայց մի քանի օր անց Բենեթի վիճակը սկսել է վատանալ։ Մերիլենդի նահանգի համալսարանին կից բժշկական կենտրոնի բժիշկները գրանցել են նրա մահը։

Բենեթը սրտի մահացու հիվանդություն ուներ, եւ մասնակցությունը բժշկական փորձարկմանը ապրելու նրա միակ հնարավորությունն էր։ Մինչեւ վիրահատությունը նրան վեց շաբաթ միացված են եղել կենսապահովման սարքեր, Բենեթը մերժում էր ստացել մարդու սրտի փոխպատվաստման հարցում։

Վիրահատությունից առաջ ինքը՝ Բենեթը, հավաստիացրել էր, որ տեղեկացված է, թե որքան վտանգավոր է խոզի սրտի փորձնական փոխպատվաստումը։ Այն կատարելու համար Մերիլենդի համալսարանի մասնագետները իշխանություններից հատուկ թույլտվություն էին ստացել՝ ասելով, որ առանց վիրահատության պացիենտը կմահանա։

«Նա շատ համարձակ եւ ազնիվ պացիենտ էր, պայքարեց մինչեւ վերջ»,- հիվանդանոցի հայտարարությունում նշել է վիրահատությունը կատարած վիրաբույժ Բարթլի Գրիֆիթը։

Վիրահատությունից հետո պացիենտը հասցրել է մի քանի շաբաթ անցկացնել ընտանիքի հետ եւ դիտել ամերիկյան ֆուտբոլի Ազգային լիգայի եզրափակիչ խաղը։

Նշենք, որ գիտնականներն արդեն վաղուց քննարկում են մարդկանց կենդանիների օրգաններ փոխպատվաստելու, այսինքն՝ քսենոտրանսպլանտացիայի հնարավորությունը։ Սրտի վիրաբուժության ոլորտում արդեն ամենուրեք օգտագործվում է մարդուն խոզի սրտի որոշ հատվածների փոխպատվաստման պրակտիկան։ Բայց սա ամբողջ սրտի փոխպատվաստման առաջին դեպքն էր։

Նշենք նաեւ, որ OrganDonor.gov կայքի տվյալներով՝ միայն ԱՄՆ-ում դոնորական օրգանների փոխպատվաստման է սպասում մոտ 100 000 մարդ, օրական 17 պացիենտ մահանում է այդ օրգանների բացակայության պատճառով։

Դիտեք նաև՝

(Visited 207 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ