Ռուսաստանի բարեկամ երկրները…

Փետրվարի 24-ին Ռուսաստանը լայնածավալ պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը շարունակվում է 2014 թվականից։ 2014 թվականին Ռուսաստանն իրեն միացրեց Ուկրաինային պատկանող Ղրիմը, իսկ Դոնբասի մի մասում Մոսկվայի աջակցությամբ երկու ինքնահռչակ կազմավորում ձևավորվեց։

2014 թվականի մարտի 27-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում բանաձև ընդունվեց, որն անվավեր ճանաչեց Ղրիմի հանրաքվեն և բռնակցումը Ռուսաստանին։

2014 թվականին ընդունված բանաձևին կողմ էր քվեարկել 100, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 58 երկիր։ 24 երկիր չէր մասնակցել քվեարկությանը։Ռուսաստանին աջակցած 10 երկրներն էին Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Զիմբավեն։

2022 թվականի մարտի 2-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում նոր բանաձև ընդունեց՝ խստորեն դատապարտելով Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Բանաձևին կողմ քվեարկեց 141, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35 երկիր։ Ռուսաստանից բացի դեմ էին քվեարկել Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Էրիտրեան։

8 տարում շատ բան է փոխվել վերոնշյալ երկրներում։ Դրանցից մի քանիսում իշխանության են եկել նոր ղեկավարներ, մյուս մասում հին ղեկավարները դեռևս կարողանում են պահել իշխանությունը։

Հայաստան՝ 2018 թվականի ապրիլին բողոքի զանգվածային գործողությունների արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի նոր իշխանությունը շարունակում է տարբեր ատյաններում աջակցել Ռուսաստանին, բայց մի շարք քվեարկություններում ձեռնպահ է մնացել։ Երբեմն Հայաստանի քվեարկությունները քննարկման առարկա են դառնում հայկական և ռուսական մամուլում։

Բելառուս՝ 2020 թվականի նախագահական ընտրություններից Բելառուսում աննախադեպ բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որն ավարտվեց ընդդիմության ջախջախմամբ, ընդդիմադիր առաջնորդների բանտարկությամբ և արտաքսմամբ, հազարավոր ցուցարարների նկատմամբ տարբեր տեսակի հետապնդումներով։ Ալեքսանդր Լուկաշենկոն իշխանության մնաց Ռուսատանի աջակցությամբ։

Բոլիվիա՝ 2019 թվականին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք ուղեկցվեցին զանգվածային խախտումներով։ Ընտրություններից հետո ցույցեր սկսվեցին, բախումներ տեղի ունեցան ցուցարարների ու իրավապահների միջև։ Ցույցերի արդյունքում երկարամյա նախագահ Էվո Մորալեսը զինվորականների ճնշման տակ հրաժարական տվեց և հեռացավ երկրից։

Կուբա՝ 1959 թվականի հեղափոխությունից հետո Կուբան ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի դաշնակից երկիրն էր։ Առ այսօր Կուբայում շարունակում է իշխել կոմունիստական կուսակցությունը, բայց 2018 թվականին ավարտվեց Կաստրոների կառավարման դարաշրջանը։ 2018 թվականից Կուբայի նախագահն է Միգել Դիաս-Կանելը։

Նիկարագուա՝ 2014 թվականից սկսած երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ է (այնպես չէ, որ մինչ այդ ճգնաժամի մեջ չէր)։ Այս ընթացքում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել 2007 թվականից երկրի նախագահ Դանիել Օրտեգայի վարած քաղաքականության դեմ։ Այս տարիներին բախումների հետևանքով զոհվել է մի քանի հարյուր մարդ։ Օրտեգան Նիկարագուայի նախագահն է եղել նաև 1985-1990 թվականներին։

Հյուսիսային Կորեա՝ ամեն ինչ լավ է։ Արևն ամեն օր ծագում է հարգարժան և պայծառ ընկեր, նոր աստղ, մարշալ Կիմ Չեն Ընի բարի կամեցողությամբ։

Սուդան՝ 2019 թվականին բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ երկրի զինվորականությունը իշխանությունից հեռացրեց Օմար Բաշիրին, որը Սուդանի նախագահն էր 1989 թվականից։ Ձերբակալված է, դատվելու է Հաագայի դատարանում։ Սուդանը ներկայում համաձայնել է ռուսական բազային իր երկրում։

Սիրիա՝ պատերազմը շարունակվում է արդեն շուրջ մեկ տասնամյակ։ Երկրի ղեկավար Բաշար Ասադը իշխանության մնաց մեծապես ռուսական և իրանական ռազմական և քաղաքական աջակցության շնորհիվ։

Վենեսուելա՝ Նիկոլաս Մադուրոն շարունակում է մնալ իշխանության՝ չնայած նրան հեռացնելու հարցում ընդդիմությանն աջակցում են ԱՄՆ-ն և Հարավային Ամերիկայի երկրները։ Վենեսուելան խորը քաղաքական, տնտեսական ճգնաժամի մեջ է։ Երկրում հումանիտար աղետ է, միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել հեռանալ երկրից սնունդ գտնելու համար։

Զիմբաբվե՝ 2017 թվականին զանգվածային ցույցերի ժամանակ զինվորականությունը և նրա կողմնակիցները ռազմական հեղաշրջում իրականացրեցին և հեռացրեցին 93-ամյա Ռոբերտ Մուգաբեին։ Նրա կառավարման հատկապես վերջին տասնամյակում երկիրը սոցիալ-տնտեսական աղետալի վիճակում էր, ինչպես Վենեսուելան։ Այժմ Զիմբաբվեն ղեկավարում է Մուգաբեի երկարամյա զինակիցը՝ Էմերսոն Մնանգագվան՝ հայտնի «կոկորդիլոս» մականունով։ Զիմբաբվեում հումանիտար աղետը շարունակվում է։

Էրիտրեա՝ 2014 թվականին ձեռնպահ էր քվեարկել, 2022 թվականին՝ դեմ։ Էրիտրեան Եթովպիայից անկախացել է 1991 թվականից։ Էրիտրեա մտնելը երբեմն ավելի բարդ կարող է լինել, քան Հյուսիսային Կորեա։ Երկրի անփոփոխ նախագահն է Իսայաս Աֆվերկին։

(Visited 30 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ