Ռուսաստանի բարեկամները ըստ Լավրովի ցուցակի

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» բանաձևին, որով կոչ է արվում Ռուսաստանին դուրս բերել ռուսական զորքերը ուկրաինական տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից և Դոնբասից, կողմ է քվեարկել ՄԱԿ-ի անդամ 141, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35 երկիր։ Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Էրիտրեան, Հյուսիսային Կորեան:

Երեկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն անդրադարձել էր Ռուսաստանին մեկուսացնելու եւ պատժելու վերաբերյալ արեւմտյան առաջնորդների հայտարարություններին։ Նա ասել էր, որ ՌԴ-ին մեկուսացնել չի հաջողվի, Ռուսաստանն ունի բարեկամներ։ Նա չէր կոնկրետացրել բարեկամներին, սակայն ՄԱԿ-ում քվեարկությունը բացահայտել է նրանց։

Երեւում է՝ Բելառուսը, Սիրիան, Էրիտրեան, Հյուսիսային Կորեան օգնելու են Ռուսաստանին հաղթահարել Արեւմուտքի պատժամիջոցները ֆինանսական, տեխնոլոգիական եւ այլ ոլորտներում, միկրոչիփեր, բարձրտեխնոլոգիական սարքավորումներ, ինքնաթիռներ են մատակարարելու Ռուսաստանին, փոխարինող վճարային համակարգ են տրամադրելու եւ այլն։

Ռուսաստանի գլխավոր հույսը՝ Չինաստանը, որոշակի հեռավորություն է պահում Ռուսաստանից տարբեր պատճառներով, որոնց բազմիցս անդրադարձել ենք։ Չինաստանը չի կարող եւ չի ցանկանա փոխարինել պատժամիջոցների տակ ընկած ոլորտները, քանի որ այդ պարագային կարող է հայտնվել լուրջ խնդիրների առաջ։

Ի վերջո, Չինաստանն էլ, չնայած զգալի առաջընթացին, այդ ոլորտներում դեռ բավական կախված է արեւմտյան տեխնոլոգիաներից։ Շատ փորձագետներ նշում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նաեւ ակնարկ եւ զգուշացում են Չինաստանին։

(Visited 47 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ