Associated Press լրատվական գործակալությունը հաղորդել է, որ չորեքշաբթի Եվրամիությունը համաձայնել է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պաշտպանության նախարարի, ՌԴ նախագահի գլխավոր խորհրդականի եւ հարյուրավոր ռուս օրենսդիրների դեմ, որոնք քվեարկել են ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման օգտին:
Պատժամիջոցների ցուցակում ներառված ռուս բարձրաստիճան պաշտոնյաների թվում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն։
ԵՄ-ն հայտարարել է, որ «Շոյգուի հրամանատարությամբ եւ հրամանով ռուսական զորքերը զորավարժություններ անցկացրեցին ապօրինի բռնակցված Ղրիմում եւ տեղակայվեցին սահմանին։ Վերջին հաշվով նա է պատասխանատու Ուկրաինայի դեմ ցանկացած ռազմական գործողության համար»։
Նշվում է, որ Վայնոն «ակտիվ դեր է խաղում Կրեմլում որոշումների կայացման գործընթացում՝ մասնակցելով ՌԴ Անվտանգության խորհրդին եւ ազդելով նախագահի Ռուսաստանի պաշտպանության եւ ազգային անվտանգության ոլորտում որոշումների կայացման վրա»։
Ցուցակում է նաեւ ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովը, ինչպես նաեւ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ովքեր երկուսն էլ որպես «պետական քարոզչության կենտրոնական դեմքեր» են բնութագրվում։
Բրիտանական The Guardian-ը նշել է նաեւ ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի անունը։
ԵՄ-ն սահմանափակող միջոցները տարածվում են ՌԴ Պետդումայի 351 պատգամավորից յուրաքանչյուրի վրա, ովքեր փետրվարի 15-ին կողմ քվեարկեցին ՌԴ նախագահ Պուտինին ուղղված դիմումին, որը կոչ է անում ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի «հանրապետությունները», նշել են ԵՄ կենտրոնակայանում: