/ՏԵՍԱՆՅՈՒԹ/Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի դառնա. Հայկ Մամիջանյան․

Ստեղծագործական մոտեցումը միշտ պետք է ողջունել։ Ադրբեջանը ստեղծագործական մոտեցման սեփական ապրանքանիշն ունի, որն անտեսում է առկա խնդիրներն ու հարցերը։ Այս մասին փետրվարի 22-ին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ, ԱԺ-ում «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Ըստ հայ խորհրդարանականի՝ Բաքվում կարծում են, որ Ղարաբաղում ոչ մի հակամարտություն չկա։

«Նրանք կարծում են, որ ռազմագերիներ չկան, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների և զինամթերքի ոչ մի օգտագործում չի եղել, հայկական մշակութային ժառանգության ոչնչացում չի եղել, որ դա այսօրվա դրությամբ տեղի չի ունենում, որ մեր տարածաշրջանում չեն եղել եւ չկան ահաբեկիչներ։

Ավելին՝ նրանք պնդում են, որ իրենց զինված ուժերն այժմ չեն գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա, իհարկե, շատ լուրջ մոտեցում է խնդրի լուծմանը։ Պետք է պարզապես չնկատել այն», — հեգնանքով նշել է Մամիջանյանը։

Նա նաեւ հիշեցրել է Մադրիդյան սկզբունքների մասին։ Պատգամավորի խոսքով՝ Բաքուն դժվար թե կարողանա անտեսել դրանք։

Պատգամավորը մատնանշել է նաեւ Ղարաբաղի ժողովրդի՝ իրեն օրինական իրավունքները պաշտպանելու հաստատակամ վճռականության մասին։

«Ապագան անխուսափելի է դառնում։ Նաեւ Հայաստանի նախկին նախագահի անունից, որն այժմ հետապնդվում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից, ես կցանկանայի հայտարարել, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի դառնա», — եզրափակել է Հայկ Մամիջանյանը։

(Visited 26 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ