Այնքան շատ էր սիրում իր հայրենի Արցախը, որ պատրաստ եղավ իր կյանքը տալ սեփական երկրի սահմանների պահպանմանը․

2020թ. Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում մեր հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է Հրայր Դանիելյանը:

Հրայր Դանիելյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 22-ին, ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն համայնքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» բաժինը: Կիսատ թողնելով ուսումը` 2015թ. զորակոչվել է բանակ: Ժամկետային զինծառայության ընթացքում և ապրիլյան պատերազմում ցուցաբերած բարոյակամային բարձր հատկանիշների և խիզախության համար խրախուսվել է մի շարք պատվոգրերով ու կրծքանշաններով:

Եղել է ավագ սերժանտ, հրետանավոր: 2020 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանը և անմիջապես աշխատանքի ընդունվել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի բաժնում` որպես օպերլիազոր: Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում։

Սեպտեմբերի 27-ից ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ միասին մասնակցել է հայրենիքի փրկության մարտերին: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Հադրութի պաշտպանության ընթացքում, անօդաչուի հարվածից: Արժանացել է «Արիության համար» մեդալի:Փոխգնդապետ Մհեր Սարգսյանը մեծ հպարտությամբ, միևնույն ժամանակ, սրտի կսկիծով է խոսում հայրենասեր Հրայրի մասին:

«Բացի զինծառայողներին մարտական պատրաստակամության բարձր աստիճանի բերելուց, մենք նրանց դաստիարակում ենք նժդեհյան գաղափարախոսությամբ, հայրենի երկրի հանդեպ անգնահատելի նվիրվածությամբ: Այդպիսի զինվորների շարքին էր դասվում նաև Հրայրը:

Այնքան շատ էր սիրում իր հայրենի Արցախը, որ պատրաստ եղավ իր կյանքը տալ սեփական երկրի սահմանների պահպանմանը: Նա իր ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել օրինակելի վարքով, հայ զինվորին բնորոշ խիզախությամբ և հայրենասիրությամբ», — «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է Մ. Սարգսյանը:

Հրայրի գործընկեր և զինակից Արմեն Գրիգորյանի խոսքով՝ նրա մարդ տեսակը ստիպում էր կերպարն ընկալել բոլորովին այլ կերպ:
«Հիանում էի նրա խելամտությամբ, մտահղացումներով, անկեղծությամբ, ուներ պատասխանատվության բարձր զգացում, ընկերասեր էր: Պատերազմի օրերին շարունակում էի հիանալ նրանով, նրա հայրենասիությամբ, ազգասիրությամբ, անընդհատ մտահոգվում էր հայրենիքի ճակատագրով և փորձում էր իր ներդրումն ունենալ», — նշել է Ա. Գրիգորյանը:

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: