Շուրջ 120 հազար դոլար՝ Ալեն Սիմոնյանի գործուղումներին․Թանկարժեք տղան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր պաշտոնավարման շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի պետական բյուջեից միայն 7 երկիր կատարած գործուղումների համար ծախսել է շուրջ 57 մլն դրամ (120 հազար ԱՄՆ դոլար) գումար: Նա, հիշեցնենք, խորհրդարանի խոսնակ էր ընտրվել օգոստոսի 2-ին:

«Մեդիալաբը» գրավոր հարցմամբ ԱԺ աշխատակազմից խնդրել է պատասխանել հարցերին, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչ գործուղումներ է իրականացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, և որքան գումար է ծախսվել դրանց վրա:

ԱԺ նախագահի գործուղումները սկսում են սեպտեմբերից և այս կարճ ժամանակահատվածում Սիմոնյանն այցելել է Վիեննա, Մոսկվա, Աթենք, Նիկոսիա, Փարիզ, Սանկտ Պետերբուրգ և Մադրիդ:

Այսպես, սեպտեմբերի 7-ին Վիեննա կատարած այցի համար Հայաստանի պետական բյուջեից ծախսվել է 6 մլն 891.328 դրամ: Վիեննա կատարած այցի շրջանակներում Սիմոնյանը մասնակցել է խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին: Վիեննա կատարած այցի ընթացքում Ալեն Սիմոնյանին ուղեկցել է ԱԺ աշխատակազմի 6 աշխատակից:

Հաջորդ այցելությունը կատարվել է Մոսկվա՝ հոկտեմբերի 4-ին և բյուջեի վրա արժեցել է 5 մլն 237 հազար դրամ:

Հոկտեմբերի 21-ին Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Աթենք արժեցել է 9 մլն 420.500 դրամ, իսկ այցի ընթացքում Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում եղել է 12 անձ՝ ԱԺ աշխատակազմից և պատգամավորներ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունից:

Գրեթե նույն կազմը հոկտեմբերի 25-26-ին դարձյալ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ մեկնել է Կիպրոս՝ Նիկոսիա: Այցի կազմակերպման համար բյուջեից ծախսվել է 690.030 դրամ:

Առավել ճոխ է եղել Սիմոնյանի Հաջորդ այցելությունը Փարիզ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին: ԱԺ նախագահի այս ճամփորդությունը հարկատուների գրպանից խլել է 15 մլն 956.016 դրամ: Ի դեպ, այցը տևել է երկու օր, իսկ պատվիրակության կազմում ընդգրկված է եղել 13 անձ՝ պատգամավորներ և ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ: Հիշեցնենք՝ Փարիզ կատարած այցի ընթացքում էր, որ Սիմոնյանը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ կապված սկանդալային հայտարարություն էր արել:

Հաջորդ ճոխ ճանապարհորդությունը Ալեն Սիմոնյանը կատարել է դեպի Մադրիդ՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը: Այդ այցելությունը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին մասնակցելու նպատակով: Պետական բյուջեից այդ այցելության համար վճարվել է 16 մլն 123.891 դրամ:

Սիմոնյանը ելույթ է ունեցել վեհաժողովում դրա երրորդ օրը, մյուս օրերի Սիմոնյանի հանդիպումների ու գործունեության մասին ԱԺ աշխատակազմը լռել է: Այս անգամ Սիմոնյանի պատվիրակությունը կազմված է եղել 10 հոգուց. Սիմոնյանը սեփական թիմից իր հետ տարել է Հայկ Կոնջորյանին, Հասմիկ Հակոբյանին և Ծովինար Վարդանյանին:

Մինչ Մադրիդ այցելությունը Սիմոնյանը նոյեմբերի 25-26-ին բավական լայն կազմով՝ 13 հոգի, եղել է Սանկտ Պետերբուրգում, ինչի համար բյուջեից ծախել է 2 մլն 443.500 դրամ:

Գործուղումների այս հսկայական գումարները, որոնք ծախսվում են պետական բյուջեից հարկատուների հաշվին, Հայաստանի խորհրդարանի խոսնակի միակ ճոխ ծախսերը չեն: Նրա ցանկությամբ պետական բյուջեից 90 մլն դրամ (200 հազար ԱՄՆ դոլար) էր հատկացվել ծառայողական նոր BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք բերելու համար:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: