Հրահատ Փայլակի Կարապետյանը ծնվել է 1983 թ-ի դեկտեմբերի 7-ին Սիսիանում: Սովորել է Սիսիանի թիվ 2 դպրոցում: Բանակ զորակոչվել է 2001թ-ին՝ ծառայության անցնելով Էջմիածնում: Զորացրվելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Շաքիի քարի արտադրամասում, ավելի քան 20 տարի ապրել է Շաքի բնակավայրում, ապա սոցիալական խնդիրների պատճառով մեկնել Ռուսաստանի Դաշնություն:
2 տարի այնտեղ աշխատելուց հետո վերադարձել է հայրենիք՝ հավերժ հայրենիքում մնալու նպատակով: Ամուսնացել է և ունեցել 3 զավակ: 2013թ-ից անցել է պայմանագրային ծառայության: Հրահատն առաջիններից էր, ով միանգամից շտապեց կռվի դաշտ, որպեսզի իր ընտանիքը քնի և արթնանա խաղաղ պայմաններում:
«Նա երբեք չէր խոսում իր ցավերի մասին: Ամեն բան լուռ էր տանում, որ չանհանգստանանք: Բոլորին սիրող ու հարգող էր, սիրտն էլ կհաներ ու կտար:
Ժպտերես էր: Երբ ինչ-որ բան էր որոշում, ամեն ինչ անում էր, որ ասածը կատարեր: Շատ էր սիրում ընտանիքի հետ տեղ գնալ: Անգամ մահից առաջ՝ մինչ պատերազմի սկսելը, որոշել էր, որ Սևան ու Տաթև պիտի գնանք, բայց այդպես էլ երազանք մնաց»- հիշում է Հրահատի կինը՝ Հասմիկը:
Ընկերասեր ու հարգանքով լի Հրահատը գնաց ընկերներին օգնության… գնաց՝ անվերադարձ:
«Անգամ մի կտոր հաց ուտելիս կոկորդով չէր գնում, եթե ընկերների հետ չէր: Ընկերներով շատ էին կապված: Գնալուց առաջ ընկերներն ասում էին, որ մնա, քանի որ 3 բալիկ ունի, սակայն Հրահատը չհամաձայնվեց՝ ասելով, որ չի կարող ընկերներին մենակ թողնել, պիտի անպայման գնա նրանց հետ: Այդպես էլ արեց: Միասին գնացին ու միասին էլ անմահացան»-պատմում է կինը:
Հոկտեմբերի 8-ի գիշերը, դիրքերից իջեցնելիս, եղբայրն ասել էր, որ Հրահատի փոխարեն իրեն տանեն, սակայն չէր համաձայնվել:
«Վերջին անգամ հոկտեմբերի 9-ին՝ գիշերը ժամը 5:00-ին զանգեց: Մեր զրույցն ընդհատվեց»-հիշում է Հասմիկը:
Հրահատը զոհվել է Արցախում, սակայն պատերազմի դաշտ չի էլ հասցրել հասնել: Հոկտեմբերի 10-ին,Կարմիր շուկայի մոտ, իրենց մեքենան պայթեցրել են: Գնալուց առաջ Հրահատը մորն ասել է, որ Աստված ունի, ուրիշ բաներ չմտածեն, անպայման հետ է գալու: Սակայն շատ ու շատ կամավորների, զինվորների պես Հրահատն էլ գնաց հայրենիքի պաշտպանության սուրբ գործով և այդպես էլ հետ չեկավ…