«Հրթիռը պայթեց ու ինձ թաղեց հողի տակ… մի կերպ դուրս եկա». հրաշքով փրկված էրիկը պատմում է․․․

Հրաշքով փրկված էրիկ Գրիգորյանը դժոխքի միջով է անցել, ամենադաժան կռիվների բովով…
-Իմ տունը մնաց Շուշիում: Չգիտեմ՝ մեկ էլ երբ տանը կլինեմ,- ցավով ասում է նա,- ամեն մարդ մի տուն ունի: Իմ տունը Շուշիում է, իսկ սա, որտեղ հիմա ապրում եմ, բնակարան է: Ուղղակի, հիմա չեմ կարող տուն գնալ: Գյուղատնտեսականում էի սովորում: Արցախի հողերը շատ բերրի են. ուզում էի գյուղատնտնեսությամբ զբաղվել իմ ծննդավայրում:

Ինչ-որ մեկն ուղղում է Էրիկի բարձն ու ասում՝ եթե հոգնես, մի քիչ հանգստացի, հետո կշարունակես: Հոգնած չեմ՝ պատասխանում է Էրիկը: Հետո թեքվում է առաջ, դեմքը մոտեցնում էկրանին ու ասում.

-Ես դիտակետում էի, երբ սկսեցին կրակել: Հրթիռները թափվում էին կարկուտի պես: Հետո ես իմ տանկով գնում էի թշնամու վրա, բայց հրթիռը պայթեց տանկի կողքին: Տանկը խափանվեց: …Հետո ես ուրիշ տանկով էի: Մենք կրակում էինք, բայց հրթիռն ընկավ ուղիղ տանկի վրա: Հրամանատարը տեղում զոհվեց, զինակից ընկերս վիրավորվեց: Ես ողջ մնացի:

Կկոցում էր աչքերը. ուզում էր ինչ-որ բան հիշել: Հետո գլխով է անում.

-Հա, խրամատային կռվի ժամանակ էր: Թուրքերը մոտիկ էին նկատվելու աստիճանի: Ես կրակում էի, երբ հրթիռը պայթեց ու ինձ թաղեց հողի տակ: Մի կերպ դուրս եկա: Ո՞նց ես՝ հարցրեց Ռոման, լավ եմ՝ ասացի: Չէի զգացել բեկորների հարվածը, որոնք քրքրել էին բուշլատս ու հավաքվել զրահաբաճկոնիս վրա: Հետո Ռոման վիրավորվեց: Թուրքերը մի քանի մետրի վրա էին: Մեր 17 հոգուց համարյա մարդ չմնաց: Վահեն ասաց՝ էս նռնակը կպահենք, հենց թուրքերը մոտենան, միասին կպայթեցնենք մեզ: Մի նռնակ էր մնացել: …Հետո շատ ուժեղ պայթյուն լսվեց, ես տեսա, թե ինչպես ձախ ոտքս թռավ օդ, իսկ Վահեի երկու ոտքերը վերածվեցին տձև, արնաշաղախ մսագնդերի….

Էրիկի դեմքը կարմրել է, քթի վրա քրտինքի մանրիկ կաթիլներ են հայտնվել: Անընդհատ խորը շունչ է քաշում:

-Հետո ինչ-որ մեկը ինձ քաշում էր հողի վրայով: Հետո մեքենայի մեջ էի, շուրջբոլորս մարմիններ էին: Մինչև հասանք հիվանդանոց, մի քանի անգամ կորցրի գիտակցությունս….

-Կատաղի կռիվ էր, ու կրակի գոտուց հանելիս ժամանակ չկար զոհվածին զատելու վիրավորից: Ես շարժում էի տղաներին, որ հասկանամ՝ ով է ողջ, ով՝ մեռած: Մեկ էլ ինչ-որ ձեռք շոյեց գլուխս, նայեցի, տեսնեմ՝ Վահեն է: Ողջ է, նույնիսկ ոտքերն են փրկվել: էն օրը եկել էր ինձ տեսնելու:

Շատ էի ուրախացել: Մեկ էլ էդքան ուրախացա, երբ դիրքերում հանդիպեցի հորս: Նա 4 անգամ Արցախյան պատերազմի ժամանակ է վիրավորվել, 2 անգամ՝ վերջին պատերազմի ժամանակ, մինչև հիմա մարմնի մեջ բեկորներ կան առաջին պատերազմից…Էրիկը ինձ չի նայում է, դեմքին ցավի արտահայտություն կա, աննկատ տրորում է ոտքը:

…Ցավում է: Բայց այդ ցավը ի՞նչ է այն ցավի դիմաց, որ ընդամենը 20 տարեկան այս արցախցին կրում է իր հոգում:

-Իմ հայրը Ասկերանից է, թուրքերը նրա տունը վառել են, երբ պապս, տատս, երկու հորեղբայրներս ու հայրս ռազմաճակատում էին: Այսինքն՝ ամբողջ ընտանիքը: Զինաիդա տատս այն ժամանակ տատ չէր, 48 տարեկան կին էր ու որսորդական հրացանով կռվում էր թուրքերի դեմ: Նա անհետ կորավ 1992-ի մայիսին: Հորեղբայրս կորցրեց ոտքը կռվի ժամանակ: Մենք հնարավոր ամեն ինչ արեցինք, որ Արցախը փրկենք թուրքից, ամեն ինչ, մենք ոչինչ չենք խնայել, բայց ամենաթանկը՝ մեր տունը, կորցրինք: Իմ ծննդավայրը… ինչո՞ւ էսպես եղավ:

-Բայց մենք կվերադառնանք,- կրկնում է Էրիկը եռանդով:
Գայանե Պողոսյանի հարցազրույցից

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: