Արդյո՞ք գարեջուրն այդքան անվնաս է, որքան թվում է
Շատերը կարծում են, որ գարեջուր խմելը լուրջ ազդեցություն չի ունենա օրգանիզմի վրա։ Այնուամենայնիվ, սննդաբան-նուտրիցիոլոգ Իրինա Կարաեւան (Ռուսաստան) պնդում է, որ սա պարզապես առասպել է:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, «ամեն օր մի բաժակ գարեջուր խմելով հարյուր տարի երջանիկ կապրես» տրամաբանությունը իրականության հետ կապ չունի։ Ինքը՝ մասնագետը, այս ըմպելիքի ամենօրյա օգտագործումը մեծ ու փոքր քանակությամբ համարում է «առողջական խնդիրների ուղիղ ճանապարհ»։ Մասնավորապես, գարեջուրը վնասակար է ուղեղի բջիջների համար։
«Նույնիսկ փոքր չափաբաժիններով գարեջուրը բացասաբար է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա, բջիջները զանգվածաբար մահանում են թթվածնային քաղցի պատճառով։ Ալկոհոլը կարող է նաեւ գլխացավեր եւ ստամոքսի խանգարումներ առաջացնել»,-ասել է Կարաեւան:
Նրա խոսքով՝ գարեջրի կանոնավոր օգտագործման պատճառով սիրտը ձեռք է բերում ճարպային շերտ, մեծանում են սրտի չափսերը, ինչը մեծացնում է առիթմիայի եւ հիպերտոնիայի զարգացման վտանգը։