Հայր եւ որդի զոհվել են նույն օրը, նույն տեղում․ «Ես ամեն օր նույն հարցն եմ տալիս՝ ինչի՞ սենց եղավ»

Հյուրասենյակում մետաղական ծանր լռություն է։ Բաց պատուհաններից մեքենաների ազդանշանների ձայները լցվում են ներս։ Մենք էլի լռում ենք։ Դժվար է խոսելը։ Պատին հայր եւ որդի Սաղաթելյանների նկարներն են։ Նրանք զոհվել են նույն տեղում, նույն օրը։

Նոր Նորքի այս բնակարանում հիմա բնակվում են երկուսով՝ հարս եւ սկեսուր՝ Վեներա Սաղաթելյանն ու Նեռա Գրիգորյանը։ Վեներան կորցրել է ամուսնուն եւ որդուն, Նեռան՝ որդուն եւ թոռանը։ Ցավն այս ընտանիքում դեմք ունի։

Մինչդեռ ամեն ինչ այնքան լավ էր պատերազմից առաջ։ Գեւորգ Սաղաթելյանը երեք երեխաներից կրտսերն էր։ Երկու աղջիկներից հետո 10 տարի անց Վեներան ունեցել էր Գեւորգին։ «Մենք երկար, շատ երկար ենք սպասել Գեւորգին»,- ասում է նա։ Ամուսինը՝ Աշոտ Սաղաթելյանը, շատ էր ցանկանում որդի ունենալ, եւ չնայած բժիշկների հակացուցումներին, կինը տղա պարգեւեց նրան։

Որդին ծնվել էր Ռուսաստանում։ Երբ երկու տարեկան էր, ընտանիքով տեղափոխվեցին Հայաստան։ Գեւորգը, ՌԴ քաղաքացիություն ունենալով, կարող էր չծառայել, սակայն մայրն ասում է՝ դա Գեւորգի համար չէր։ «Ասում էին՝ Գեւորգ, ինչի՞ ես ուզում ծառայել, ասում էր՝ ինչի՞, ես իմ հայրենիքի համար եմ ծառայում։ Երբ լսում էր, որ հիվանդության պատճառով բանակից ազատվում են, ասում էր՝ ինչի՞ են ուրախանում, որ իրենց էրեխեքը հիվանդ են, ավելի լավ չի՞ գնան ծառայեն, թեկուզ զոհվեն հայրենիքի համար։ Էդ խոսքերը չեմ կարողանում մոռանալ»,- ասում է Վեներա Սաղաթելյանը։

Գեւորգը Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջն ավարտելուց հետո ընդունվել էր ԵՊՀ։ Մաթեմատիկան ու ֆուտբոլը նրա նախասիրություններն էին։

Տատը՝ Նեռա Գրիգորյանը, ժամանակին մաթեմատիկայի ուսուցչուհի է եղել, եւ Գեւորգի թալիսմանն էր։ Մեկ այլ մասնագետի մոտ մեկ տարի մաթեմատիկա պարապելիս թոռը տատին միշտ խնդրում էր պարզապես իր կողքին նստել, ու այդ դեպքում, ասում էր, ամենադժվար լուծվող խնդիրներն էլ հեշտ են թվում։ Բանակ գնալուց առաջ էլ Գեւորգը մորը խնդրել էր պահել բոլոր տետրերը, որոնք իրեն գուցե պետք կգան հետո։ Տիկին Վեներան լրագրասեղանին է դնում տետրերը, որոնք այսօր նրանց համար մասունքների պես են։

Երբ ԵՊՀ ընդունվածների ցուցակները կախել էին, Գեւորգն արդեն բանակում էր։ Զորակոչվել էր 2020 թ․ հուլիսի 17-ին։ Ծնողները մեկ կիսամյակի ուսման վարձը վճարել էին՝ մտածելով, թե գուցե բանակից վերադառնալուց հետո վարձը բարձրանար եւ չտարածվեր Գեւորգի վրա։ «Հետո թղթերը հետ վերցնելիս նույն ցավն ապրեցինք։ Շատ դժվար էր»,- նկատում է մայրը։

Գեւորգն սկզբից ծառայում էր Կապանում, ապա Որոտանի (Ղուբաթլու) զորամասում։ Երբ պատերազմն սկսվել էր, Ջրականում (Ջաբրայիլ) զորավարժությունների էին։ Այդ օրը վաղ առավոտյան հայրը՝ Աշոտ Սաղաթելյանը, պատրաստվում էր աշխատանքի գնալ (նա արհեստավոր էր՝ վերանորոգման աշխատանքներ էր անում), երբ իմացավ պատերազմի մասին, այդ մասին հայտնեց կնոջը։ «Չիմացանք, թե ինչ կատարվեց մեզ հետ»,- նկատում է Վեներա Սաղաթելյանը։

Գեւորգը, Ջրականում թեժ մարտերի մեջ լինելով, ընտանիքից թաքցնում էր։ Ամեն օր տնեցիներին զանգում էր թեկուզ մեկ րոպեով, ասում էր՝ լավ է, ինքը երկու ամսվա ծառայող է, իրեն ո՞վ պիտի տանի առաջնագիծ։ Մինչդեռ հենց ռազմաճակատից էին զանգերը։ Մոտ երկու շաբաթ անց Գեւորգենց իջեցրել էին զորամաս՝ երկու օր հանգստանալու։ Այդ ժամանակ նա հոր հետ խոսելիս ասել էր, որ հոկտեմբերի 15-ին իրենց Ջրական են տանելու։

Հոկտեմբերի 14-ի գիշերը հայրը ճանապարհ էր ընկել որդու մոտ։ Կնոջն ու մորը բարձր տրամադրությամբ հրաժեշտ էր տվել՝ ասելով, թե անպայման հետ է գալու։ Կինն ասում է՝ կարծես, հարսանիքի էր գնում։ Հաջորդ օրը Աշոտ Սաղաթելյանն արդեն որդու մոտ էր՝ նույն զորամասում կամավորագրվել էր եւ զենք ստացել։ Գեւորգենց դասակն ուրախացել էր նրա գնալով՝ ասելով, թե «Աշոտ ձյաձյան եկել է, իրենց հետ ամեն ինչ լավ կլինի»։

Հոկտեմբերի 15-ի երեկոյան Աշոտ Սաղաթելյանը զանգել էր եղբորն ու ընկերոջը, իսկ ժամեր անց որդու հետ զոհվել է նույն տեղում։ Դեպքը տեղի է ունեցել Ջրականի եւ Հադրութի միջեւ ընկած տարածքում։ ԱԹՍ-ի ռումբի պայթյունից զոհվել էին 7 հոգի, որոնց թվում՝ իրար կողքի գտնվող հայր եւ որդի։

Աշոտի եղբայրը՝ Վարդանը, նշում է, որ երբ հրաման էին տվել Գեւորգենց Ջրական տանելու, հրամանատարը չէր ցանկացել, բայց կորպուսի հրամանատարը զանգել էր գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին՝ զեկուցելով, որ հրամանը չի կատարում։ Վերջինս, ըստ Վարդանի, պատասխանել էր՝ նստեցրու։

Տիկին Վեներան նկատում է, որ երբ հրամանատարը դիմել էր զինվորներին, թե ով ինքնակամ կգնա առաջնագիծ, մոտ 20 զինվոր է արձագանքել, որոնցից մեկը Գեւորգն էր։

Վարդանը եղբոր որդու երկու լուսանկարներն է ցույց տալիս՝ մեկում դեռ նոր էր զորակոչվել, մյուսում՝ պատերազմի ժամանակ։ Եվ դա Գեւորգի վերջին լուսանկարն է։

-Նայեք, տարբերությունը տեսեք,- ասում է հորեղբայրը։
-Գեւորգի քոլեջի դասախոսներից մեկը, այս նկարը տեսնելով, ասել էր․ Գեւորգիս պայծառ աչքերն ո՞ւր են,- ավելացնում է տիկին Վեներան։

Հարս եւ սկսեսուր դեպքի մասին իմացել են երկու ամիս անց՝ դեկտեմբերի 17-ին, երբ գտել էին մարմինները։
Տիկին Նեռան ասում է՝ հոկտեմբերի 15-ին հարազատների հետ խոսելուց հետո հանգիստ քնեցին, այնինչ նրանք արդեն չկային։

Երեք օր անց՝ հոկտեմբերի 18-ին, Աշոտի հեռախոսից զանգ էր եկել նրան, բայց արագ անջատել էին հեռախոսը։ Երբ հետ էր զանգել, պատասխանել էին ադրբեջաներեն։ Հասկացել էր միայն «օղլի» (տղա) բառը, ինքնազգացողությունը վատացել էր, հեռախոսը ձեռքից ընկել էր։ Զանգից հետո մտածում էին նաեւ, թե Աշոտը գերի է ընկել։ Բայց տիկին Նեռան ասում է, թե Աշոտը գերի ընկնող չէր։ «Մինչեւ Գեւորգի բանակ գնալը Աշոտը նստեցնում էր տղային, խորհուրդներ տալիս, ասում էր՝ նայի, հանկարծ պատերազմ կլինի, գերի ընկնելու բան կլինի, չընկնես, կարողանում ես՝ խուսափիր, չէ՝ ինքնասպան եղիր»,- պատմում է Նեռա Գրիգորյանը։

Անորոշության երկու ամիսներին հարս ու սկեսուր նույն հարցն էին տալիս Վարդանին՝ լավ կլինի՞, կգտնվե՞ն հայր ու որդի, ինչին Վարդանը միշտ պատասխանում էր՝ հա, բա ոնց, թեեւ դեպքի հաջորդ օրը նա արդեն գիտեր, թե ինչ է եղել, տոմս էր գնել ու Ռուսաստանից հասել Հայաստան։ Վարդանի Գեւորգի հրամանատարներին խնդրել էր, որ եթե հանկարծ տնեցիները զանգեն, ցանկանան լուր իմանալ, ասեն, թե տղաները ցրվել են, փախել անտառներով։ Այդ ընթացքում նա երկու ամիս շարունակ որոնում էր Աշոտի ու Գեւորգի մարմինները։ Ասում է՝ մինչեւ 100 տոկոս չիմանար, չգտնեին մարմինները, չէր ասի եղելությունը։

Տիկին Վեներան պատմում է, որ 10 օր հետո ինքն արդեն հասկանում էր, թե ինչ է եղել։ Այդ օրերին երազ էր տեսել՝ ամայի դաշտում երկու մեծ սեւ գերեզմանաքար։

Դեկտեմբերի 17-ին արտերկրից հարազատներն արդեն Երեւանում էին։ Երբ բոլորը միասին Վարդանի հետ տուն էին մտել, տիկին Նեռան ու Վեներան հասկացել էին կատարվածը։

-Ես հարցրեցի Վարդանին՝ ո՞ր մեկն է, Վարդան,- ասում է տիկին Վեներան՝ հազիվ լսելի ձայնով,- ասաց՝ երկուսը։
Ձայնը կտրվում է։ Ուժեղ ամպրոպի պես է դա, եւ մենք լռում ենք։ Սենյակում խուլ հեկեկոցի ու լացի ձայն է։ Ցավն այս ընտանիք է մտել, եւ այլեւս դուրս չի գալու։

-Որ հերոս Ալբերտին բերել էին Մասիվի եկեղեցի, Աշոտն ասեց՝ Վեներա, արի գնանք, մեր երեխան ա, զոհվել ա, ի՞նչ տարբերություն։ Վեր կացանք, գնացինք՝ չիմանալով, որ մի քանի օր հետո․․․ Մի քանի տեղ գնացինք միասին զոհված էրեխեքի համար,– նշում է տիկին Վեներան։

Տիկին Նեռան ասում է, թե մինչեւ հիմա գլխից դուրս չեն գալիս Գեւորգի բառերը, երբ պատերազմի ժամանակ խոսելուց ասել էր՝ «տատ, ինչ էլ որ լինի, իմացիր, որ քեզ շատ-շատ եմ սիրում»։ «Ինչ էլ որ լինի»,- տխուր կրկնում է տատը։
Գեւորգի մանկության ընկերը սրտի մոտ դաջվածք է արել՝ «հայաթն եմ, իջիր»։ Դա ընկերների սիրված խոսքն էր։

-Կա՞ մի հարց, որ Ձեզ տալիս եք,- դիմում եմ այրիացած որդեկորույս մորը։
-Ես ամեն օր նույն հարցն եմ տալիս՝ ինչի՞ սենց եղավ,- պատասխանում է նա ու էլի լռում։
ՀԳ․ Գեւորգ Սաղաթելյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Լուսանկարները՝ Սաղաթելյանների ընտանեկան արխիվից, Հակոբ Պողոսյանի․ hetq.am

(Visited 11 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: