Թուրքերը 1920-ին խաբել են Լենինին, հիմա էլ` Պուտինին․․․

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը գրել է․

1920-21 թվերից հետո, երբ Հայաստանի անկախ պետականությունը Լենին-Աթաթուրք եղբայրական տանդեմի ջանքերով ոչնչացվեց, իսկ հայկական տարածքներն էլ բարեհաջող կիսվեցին ու «տեղուց-տեղ» արվեցին, Սովետի գոյության ամբողջ ընթացքում հայությունը կերակրվում էր ասպարեզ նետած մի տխուր լոզունգով, թե Աթաթուրքը խաբեց Լենինին:

Եվ հայերի հիմնական զանգվածը խղճում էր նույնիսկ դամբարանում իր օրերն անցկացնող Լենինին: Այդ խաբելու ենթատեքստը միշտ չէ, որ բացվում էր, բայց առանց այդ էլ հասկանալի էր դրա էությունը. «Աթաթուրքը խոստացավ Լենինին, որ իր մոտ էլ Սովետի կարգեր կհաստատի, բայց խաբեց, չհաստատեց»: Ու ոչ մեկը չէր ասում, թե ենթադրենք հաստատեր, ի՞նչ էր լինելու: Մոսկվայի և Կարսի պայմանագրե՞րն էին չեղարկվելու:

Ինչպես ասում են, աչքիդ առաջ Ադրբեջանը խորհրդայնացվեց, և ի՞նչ: Ոչ միայն այդ օրերին, այլ Սովետի գոյության ամբողջ ընթացքում Կրեմլի ղեկավարությունը կանոնավոր կերպով Խորհրդային Հայաստանից տարածքներ կտրեց և նվիրաբերեց Ադրբեջանին: Դա էլ ասենք, որ Կրեմլյան կամակատար հայ բոլշևիկները ամեն ինչ անում էին, որ նույնիսկ «Լենինին խաբած և չխորհրդայնացած» Թուրքիան հանկարծ հայության կողմից որևիցե նեղություն չունենա:

Բոցաշունչ լենինյան, Բաքվի կոմունայի արդարադատության նախարար Արտաշես Կարինյանը 1926թ.` «Լենինին խաբելու» փաստի բացահայտումից հետո, գրում էր. «Պետք է վերջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափարի, որ մինչև այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ: Հողային ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ զարգանա ազգայնական ռոմանտիկան և հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին», ինչպես նաև վառ ու կենդանի պահի «միացյալ ու անկախ Հայաստանի գաղափարը»:

Ուստի… անհրաժեշտ է նախ` ա/ վերջ դնել հայության հավաքման գաղափարին Հայաստանի մեջ և ապա`բ/ երկրի մեջ եղած 300.000 գաղթականներին ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ: Այսինքն, քանի որ «Քեմալը Լենինին խաբել է», արևմտահայության նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել ևս մեկ հայրենազրկում` զրկելով նրանց այս անգամ արդեն Խորհրդային Հայաստանում ապրելու իրավունքից ու հնարավորությունից: Այսինքն, ցանկացած պարագայում`ռուսի ու թուրքի եղբայրանալու, կամ էլ միմյանց խաբելու դեպքում, վճարում էր Հայաստանն ու հայությունը…

…Այսօր տարբեր կողմերից, հարթակներից ու կաբինետներից կամաց-կամաց ինչ-որ շշուկներ են լսվում, թե «թուրքերը էլի խաբեցին ռուսներին»: Այն է` բարեկամ Էրդողանը խաբեց հարազատ Պուտինին: Էդ խորամանկ թուրքը կրկին խաբեց միամիտ Իվանին: Դեհ, ինչ անենք, որ հայերի պաշտպանն ու բարեկամը նորից խաբվեց հայերի թշնամու կողմից: Կորուստներն էլ հո էլ հետ չես բերի: Եկեք սուս-փուս ստորագրեք, ինչ որ դեմներդ դնում ենք: Թե չէ ավելի վատ կլինի…

Ստորագրելու պարագայում, իրոք, շատ վատ կլինի, և Հայաստանը վճարելու է նոր կորուստներով: Մինչդեռ, միայն ընդվզումն է, որ հնարավորություն կտա վզներիս փաթաթած երկու հարյուր տարվա փշալարից գործած շղթայից վերջապես ազատվել:Ռուսն ու թուրքը միմյանց երբեք չեն խաբում: Նրանց հարաբերություններում միշտ խաբված կողմը եղել և մնում են Հայաստանն ու հայությունը:

(Visited 26 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: