Ո՞ր մթերքներն են փքվածություն առաջացնում եւ խանգարում նիհարելուն
Որոշ մթերքներ ոչ միայն խանգարում են քաշի նվազմանը, այլեւ կարող են տհաճ զգացողություններ, օրինակ՝ փքվածություն առաջացնել:
Ինչպես նշել է սննդաբան Ելենա Կալենը (Ռուսաստան), պետք չէ չարաշահել ընդեղենը եւ ոսպը, քանի որ այդ մթերքները պարունակում են օլիգոսախարիդներ, որոնք գազեր են առաջացնում: Կաղամբը (սպիտակ, բրյուսելյան, ծաղկակաղամբ), գազարը, ծիրանը, սալորաչիրը օսլայի եւ շաքարի աղբյուր են, որոնց պատճառով նույնպես աղիներում գազեր են կուտակվում:
«Ֆրուկտոզայով հարուստ մրգերի փոխարեն (օրինակ՝ սեխի) կիվի կերեք։ Այն պարունակում է շատ ակտինիդին՝ բնական ֆերմենտ, որն օգնում է քայքայել սպիտակուցները եւ կանխել փքվածությունը»,- Instagram-ի իր էջում գրել է մասնագետը:
Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս սննդակարգից բացառել քաղցրացուցիչները (ասպարտամ, սուկրալոզա եւ սորբիտոլ), որոնք վատ են մարսվում եւ օգուտ չեն բերում օրգանիզմին:
«Ամբողջական հացահատիկային մթերքները օգտակար են ձեզ, բայց դրանք պարունակում են շատ բջջանյութ, ինչը նպաստում է գազերի առաջացմանը: Խմեք շատ ջուր եւ աստիճանաբար սովորեցրեք ձեր օրգանիզմին բջջանյութերի եւ ամբողջական հացահատիկների: Հեղուկն օգնում է սննդին շարժվել մարսողական համակարգի միջով եւ կանխում է որովայնի փքվածությունը»,- խորհուրդ է տվել սննդաբանը:
Նրա խոսքով՝ ամենավնասակարը կոնսերվանտներն են, աղը, նատրիումի գլյուտամատը, չիպսերը, կրեկերները եւ պատրաստի նախաճաշերը:
«Սրանք իսկական ռումբեր են, որոնք պատրաստ են պայթել ձեր մարսողական տրակտում»,- զգուշացրել է մասնագետը:
Արագ սննդի փոխարեն նա խորհուրդ է տալիս միս ուտել, իսկ գազավորված ըմպելիքները փոխարինել ջրով՝ կիտրոնով, անանուխով կամ վարունգով: