Արցախի Չարեկտար գյուղում պատերազմի ավարտից հետո միայն մեկ ընտանիք է բնակվում:
«Թուրքերի վերահսկողության տակ ենք ապրում, կամերաները դրել են եւ բոլոր կողմերից հսկում են: Արդեն սաղ սահմանամերձ է այստեղ, լյուբոյ տեղ քայլելուց թուրքը նկատում է: Ջուրն էլ դպրոցի մոտից ենք գնում, բերում, մեկ-մեկ էլ իրենք են իջնում, էդ ջրից տանում: Էս շաբաթվա ընթացքում անընդհատ քարերով խփել են կրիշներին, տվել են, Իջեւանից մի մարդու գլուխ ճղել»,-ասում է Ալիսան, ով 3 քույրերի ու 4 եղբայրների հետ է ապրում Չարեկտարում:
Գյուղում խանութ չկա, անհրաժեշտ ապրանքները կողքի գյուղի խանութից են գնում: Գյուղում աշխատանք էլ չկա. Ալիսայենց ընտանիքի բերքահավաքով է այս պահին զբաղվում:
18-ամյա Ալիսայի ընտանիքը, սակայն, շուտով նույնպես կհեռանա գյուղից, քանի որ քույրերն ու եղբայրները կրթության կարիք ունեն, իսկ գյուղի նոր դպրոցի շինարարությունը նախատեսված է ավարտել միայն հունվարին:
Նշենք, որ պատերազմից հետո հայտարարվեց, որ Չարեկտար գյուղը նույնպես հանձնում են ադրբեջանցիներին, սակայն հետո գյուղը մնաց հայկական վերահսկողության տակ: Մինչ այդ բնակիչների մի մասը այրել էին իրենց տները եւ դուրս եկել գյուղից: Այժմ գյուղում շինարարություն է ընթանում: