Իրանական հետախուզության տվյալներով Բաքվի համբերությունը Արցախի շուրջ ձևավորվող իրավիճակում «սպառվում» է…

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում վերջին օրերին լարվածությունն աճում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ-որ առումով դրանք արդեն հիմա կարելի է բնութագրել որպես ճգնաժամ։ Լրատվամիջոցների մեծ մասը դրությունը բացատրում են սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը պղծող գործողություններով և արտահայտություններով, որոնցով մասին տեղեկատվական հոսքերը ադրբեջանական տիրույթում գերակայում են վերջին օրերին։

Առանձնապես տգեղ էին ծաղրական անդրադարձները, Սոլեյմանիի նկարների այրումը, իրանցի զորահրամանատարի նկարները ԼԳՏԲ դրոշներով զարդարելը, և այլն։ Տեղեկատվական֊քարոզչական դաշտում ադրբեջանցիները իսկական հակաիրանական հիստերիա են բարձրացրել՝ համեմված սպառնալիքներով ու ծաղրանքով։ Բաց տեքստով քամահրական արտահայտություններով բնութագրելով իրանական բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությանը՝ ադրբեջանցիները «խորհուրդ» են տալիս հարավային հարևանին «խելոք« մնալ, այլապես թուրքական աշխարհը ամբողջ ուժով կպատժի «դուրսպրծուկ, իզգոյ մոլլակիատիային»։

Տաք գլուխների պակաս էլ չկա կարծես՝ ակնհայտ կազմակերպված տեղեկատվական գրոհները են դիտարկվում՝ սադրիչ. «վերջապես կբացեն մեր ձեռքերը, ու 40 միլիոն ադրբեջանցիները կունենան իրենց Մեծ Ադրբեջանը, իսկ սրբազան Արազը/Արաքսը այլևս բաժանող գետ չի լինի»։

Կարելի է ժամերով պատմել լեզվակռվի ժանրի ակտիվ մարտական գործողությունների մասին, բայց զուգահեռաբար տեղի են ունենում այլ, շատ ավելի լուրջ ու իրական զարգացումներ, որոնք ուղղակիորեն կապ ունեն մեր անվտանգային համակարգի հետ։ Հատկանշական է, որ հայկական տեղեկատվական դաշտում զարմանալի հանդարտություն է։ Տպավորություն ես ստանում, թե դեպքերը տեղի են ունենում Մեքսիկայի կամ Ուգանդայի սահմանին, ու մեզ հետ որևէ անմիջական առնչություն չունեն։ Իսկ հիմա խորհուրդ կտամ լրջանալ։

Հայտնի է, որ անմիջականորեն մեր սահմանին և ադրբեջանա֊իրանական սահմանի համարյա ամբողջ երկայնքով Պահապանների կորպուսը կենտրոնացրել է մեծաքանակ զորուժ՝ սպառազինված մի քանի հարյուրի հասնող ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ տանկեր։ Որոշ տվյալներով, սահմանից ոչ շատ հեռու տեղակայված են նաև կամրջակապ մեքենաներ, ինչպես 2020 թվականի պատերազմի օրերին։

Եվ սա ամենը չէ։ Ռազմական ավիացիայից բացի, այդ թվում՝ անօդաչու, Իրանը սահմանին անմիջականորեն մոտ տեղակայել է Ֆաջր֊5 հրթիռային 6 համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգը բերվել է մարտական պատրաստության վիճակի։

Հատկանշական է, որ ադրբեջանցիների պատասխան քայլերը՝ Իրանի հետ սահմանակից գոտում ադրբեջանական բանակի բավականին մեծաթիվ ուժերի տեղակայումով, էլ ավելի են բորբոքել իրանական կողմին։ Այսօրվա միջադեպը իրանական ռազմական ինքնաթիռի, որոշ աղբյուրների հաղորդմամբ, ուղղաթիռի հետ կապված, ևս այդ ժանրից է։ Լարվածությունը աճի միտումներ ունի, ըստ որում,

իրանական կողմից որոշակի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ ներկա զարգացումները ամենևին ամենևին սպոնտան չեն։ Իրանական հետախուզության տվյալներով Բաքվի համբերությունը Արցախի շուրջ ձևավորվող իրավիճակում «սպառվում» էր, և էականորեն մեծացել էր ռազմական էսլալացիայի վտանգը Հայաստանի հետ։ Իրանը տրամադիր չէ ներկա փուլում՝ Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման պայմաններում, հանդուրժել նոր պատերազմ իր սահմաններին։

Երկրորդ, պաշտոնական Բաքուն արդեն բացահայտորեն ընդդիմանում է Մինսկի խմբի ձևաչափում Արցախի հարցով բանակցությունների վերսկսմանը, ինչը իրանական հետախուզության գնահատականով էապես մեծացնում է պատերազմի վերսկսման հավանականությունը, որը Իրանն այս փուլում ուղղակիորեն գնահատում է որպես սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը։

Երրորդ, իրանական բեռնափոխադրողների նկատմամբ ադրբեջանական վերաբերմունքը Թեհրանը դիտարկում է հայ֊ադրբեջանական հարաբերությունների համատեքստից դուրս, կմանրամասնեմ առանձին գրառումով։

Եվ չորրորդ, որոշակի տեղեկատվական արտահոսքեր՝ ամենևին ոչ պատահական, բնականաբար, վկայում են՝ իրանական հատուկ ծառայությունները տիրապետում են հավաստի տվյալների առ այն, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները անմիջականորեն ներգրավված են Իսլամական հանրապետությունում իսրայելական Մոսադի հետ օպերացիաներում, այդ թվում՝ վերջերս իրանական միջուկային ծրագրում ներգրավված առանցքային գիտնականներից մեկի նկատմամբ իրականացված մահափորձի մեջ։

Ի դեպ, իրանա֊ադրբեջանական սահմանային գոտում տեղակայվող զորքերին տեղափոխող մեքենաների մեծ մասի վրա ամենևին ոչ պատահական հենց հակաիսրայելական գրառումներ էին։ Հավելեմ, որ իրանա֊ադրբեջանական սահմանային գոտում Բաքուն արագորեն կազմակերպեց հակաօդային պաշտպանության միջոցների թվի էական ավելացում Իսրայելի օգնությամբ, այս մասին էլ կանդրադառնամ առանձին գրառումով։Հուսով եմ, էշի ականջում քնած վիճակից դուրս կգանք, ու ժողովրդին հիմար անտեղյակության մեջ չենք թողնի։ Անմեղսունակ ապուշի կարգավիճակից դուրս գալ է պետք վերջապես»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: