«Սերժի ու Քոչարյանի ժամանակ դրանք գիտեին՝ գրավյալ տարածք է այս երկիրը: Իրենք գրավել են այս երկիրը՝ ինչպես օտարները ու ինչպես ուզեն կվարվեն: Այսինքն` ինչքան ուզեն կխփեն, ինչքան ուզեն կտանեն, ինչքան ուզեն կթողնեն: Էդ իրանք իրենց բերանով են ասում»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի կառավարման օրոք նախագահական ինքնաթիռի դատարկ Բադեն-Բադեն ուղևորվելու փաստին:
Ազատամարտիկն անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ օգոստոսի 25-ին ԱԺ ամբիոնից արած այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլար է կրվել Բադեն-Բադենի կազինոներում. «Սուքիասյանը ճիշտ է ասում: Դրանք կողոպտել են հայ ժողովրդին: Ժողովրդական խոսք կա` սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում:
Ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասաց ազատամարտիկը, նշելով, որ ինքը կասկածներ ունի, որ նախագահական ինքնաթիռը դատարկ Բադեն-Բադեն է գնացել՝ Հայաստանից գումար տանելով:Հիշեցնենք`FIP.am-ը պարզել է, թե քանի անգամ է Սերժ Սարգսյանը պետության հաշվին եղել Բադեն-Բադենում, ինչպես է օգտագործվել նախագահական օդանավը նրա կառավարման տարիներին։ Պարզվում է՝ Սարգսյանը Բադեն-Բադեն է մեկնել անգամ Ապրիլյան պատերազմի օրերին։