Հայաստանը պետք է կառուցի այլընտրանքային ճանապարհ, որպեսզի Գորիսը Կապանի հետ կապող կոմունիկացիան լիովին գտնվի հայկական վերահսկողության տակ։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները վիճարկում են Արցախ մտնող իրանական բեռների հարցը, ինչի իրավունքը չունեն։ Ղուկասյանի խոսքով՝ 1992 թվականի մարտին, առաջին որոշումը, որն ընդունվեց ԵԱՀԿ-ի կողմից Արցախի վերաբերյալ, եղել է Մինսկի խմբի ստեղծումը։ Երկրորդ որոշումը եղել է միջանցքի ապահովումը։ Այսինքն՝ միջազգային հանրության դիրքորոշումը միշտ եղել է այն, որ հումանիտար նշանակության բեռները պետք է անխափան հասնեն Արցախ։
«Եվ սա է պատճառը, թե ինչու Լաչինի միջանցքի ազատագրման ժամանակ միջազգային հանրությունը Հայաստանի կամ Արցախի գործողությունները դատապարտող որևէ որոշում չի ընդունել, որովհետև դրանով Հայաստանն ու Արցախն ի կատար ածեցին ԵԱՀԿ պետությունների առաջադրանքը։ Ադրբեջանը կամավոր հրաժարվեց միջանցք տրամադրել, դրա համար այդ միջանցքը ձևավորելու համար հայկական ուժերը ազատագրեցին Շուշին ու Լաչին քաղաքը, որը նախքան խորհրդային տարիների սահմանների փոփոխությունները եղել էր Արցախի մաս»,- ասաց նա։
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Հայաստանը պարտավոր է Լեռնային Ղարաբաղին ապահովել հումանիտար օգնություն, այդ թվում՝ միջազգային հումանիտար բեռների տեղափոխումը դեպի Արցախ։ «Այսինքն՝ ցանկացած երկիր, այդ թվում՝ Իրանը պետք է այդ հնարավորությունն ունենան։ Կրկնում եմ՝ ԵԱՀԿ պետությունները 1992 թվականի մարտին արել են համապատասխան հայտարարություն, ուստի իրանական հումանիտար բեռների փոխադրումն Արցախ օրինական գործառույթ է, որին Ադրբեջանը չի կարող խոչընդոտել,
որովհետև այդպիսի գործողությունը վատթարացնում է հումանիտար իրավիճակն Արցախում, ինչը կարող է դիտվել որպես Ադրբեջանի կողմից դիտավորություն հրադադարի պայմանների խախտման ուղղությամբ։ Եվ դա հիմք է տալիս Հայաստանին միջազգային օժանդակություն ներգրավել՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու՝ փափուկ ուժի կամ կոշտ ռազմական ուժի միջոցով»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ այն գործողությունները, որոնք Ադրբեջանն անում է իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ, դրանք բավարար են, որպեսզի Հայաստանը միջազգային հանրության առջև կարողանա պահանջել ՄԱԿ-ի անմիջական միջամտությունը։ «Մոտակա օրերին Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի ՄԱԿ-ի ամբիոնից այս բոլոր խնդիրները ներկայացնել ողջ աշխարհին և հնարավորություն ունի դիմել ՄԱԿ-ին՝ պահանջելով Արցախի համար ՄԱԿ-ի մանդատ և միջազգային ուժերի տեղակայում Արցախում և հարակից շրջաններում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում երաշխավորված լինի անվտանգ դրություն, և կասեցվեն պատերազմի վերսկսման համար բոլոր վտանգները»,- հավելեց նա։
Ըստ Ղուկասյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ինքնուրույն ու անկաշկանդ ղեկավար է, որն առաջնորդվում է միայն ՀՀ շահերով, բնականաբար, ՄԱԿ իր այցելությունից հետո Հայաստանին ու Ադրբեջանին կարող է բերել ամուր խաղաղություն։ Այդ դեպքում կլինեն համապատասխան պայմաններ՝ և Արցախի տարածքը վերականգնելու ու զարգացում ապահովելու համար, և անվտանգության բոլոր անհրաժեշտ պայմանները կստեղծվեն, որպեսզի տարածաշրջանում պատերազմը չվերսկսվի։ «Մարդիկ պետք է տեսնեն, որ այն, ինչ կատարվում է այսօր, այլընտրանք ունի։ Այսօր մարդկանց ասում են, որ այլընտրանք չկա, դա սուտ է։ Միշտ այլընտրանք եղել է՝ և պատերազմի ժամանակ, և հետո, և առավել ևս հիմա»,- հավելեց նա։