Ի՞նչ չի կարելի ուտել կորոնավիրուսի դեմ պատվաստումից առաջ
Կորոնավիրուսի դեմ պատվաստումից մի քանի օր առաջ եւ դրանից 2-3 օր անց խորհուրդ չի տրվում ալկոհոլային խմիչքներ օգտագործել: Սակայն ցանկալի է սննդակարգում որոշակի փոփոխություններ կատարել, ինչը կնվազեցնի կողմնակի ազդեցությունների վտանգը:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, գաստրոէնտերոլոգ Նիկիտա Խարլովը խորհուրդ է տալիս ժամանակավորապես հրաժարվել քաղցրից եւ շատ ածխաջրեր պարունակող մթերքներից, քանի որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի դեպքում պատվաստումն ավելի դժվար է տանել:
Քաղցրի ավելցուկը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կայուն բարձրացման, ինչը կարող է նյութափոխանակության խանգարումներ եւ շաքարախտ, ինչպես նաեւ ճարպակալում առաջացնել: Բայց արյան մեջ շաքարի բարձր մակարդակը նույնպես նպաստում է պատվաստանյութի հանդեպ ավելի ծանր կողմնակի ազդեցությունների: Ավելին, ինչպես ընդգծել է դոկտոր Խարլովը, դա վերաբերում է բացարձակապես բոլոր ածխաջրերին, ներառյալ նույնիսկ նրանց, որոնք քաղցր չեն համարվում, ինչպես կարտոֆիլը, շիլաները եւ հացը:
Բացի այդ, պատվաստումից առաջ ցանկալի չէ որեւէ նոր մթերք փորձել, քանի որ դրանք կարող են ալերգիա առաջացնել, ինչը, պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների համադրությամբ, կարող է բավականին ծանր ընթանալ:
Ավելին, ըստ փորձագետի, իմունային համակարգին պետք է խղճալ, ուստի պատվաստումից առաջ աշխատեք սնունդը չչարաշահել եւ չափից շատ չուտել:
Նշենք, որ հաճախ պատվաստանյութի շոշափելի կողմնակի ազդեցություններ են նկատվում ամուր իմունիտետ ունեցող երիտասարդների մոտ: Իսկ հիմնական ռիսկային խմբում գտնվող տարեց մարդիկ զարմանալիորեն հաճախ պատվաստումը առանց որեւէ հետեւանքի են տանում, քանի որ նրանց իմունիտետը թուլացած է, եւ այն այդքան ագրեսիվ չի արձագանքում պատվաստանյութին: