ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ԹԵ ԻՆՉ ՁԵՒԱՉԱՓՈՎ Է ՍԿՍՎԵԼՈՒ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ԹԵ ԻՆՉ ՁԵՒԱՉԱՓՈՎ Է ՍԿՍՎԵԼՈՒ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են այսօր, Տավուշի մարզից: Դրանց նպատակն է` նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Տավուշում մեկնարկած խորհրդակցությունն անցկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկա են եղել ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, մարզային և հանրակրթության վարչության ներկայացուցիչներ: Քննարկումների օրակարգում ընդգրկված են եղել հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին, ինչպես նաև Հանրակրթության պետական չափորոշչին վերաբերող հարցեր:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հատկապես Տավուշում այս տարի աշխատանքները շատ են՝ պայմանավորված մարզի ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկմամբ:

Խորհրդակցության սկզբում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Տավուշի մարզի արդյունքները: «Ընդունելության ցուցանիշը վատ չէ՝ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով, դիմորդների շուրջ 76,7 տոկոսն ընդունվել է (614 դիմորդից ընդունվել է 471-ը), 81 դիմորդ ընդունվել է առաջին՝ անվճար հայտով: Տավուշի մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան, անգլերենը և տուրիզմը»,- ասել է նա: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ որոշ առարկաների քննությունների արդյունքները մտահոգիչ են: «Գնահատականները ցածր են եղել հատկապես «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից: Ֆիզիկայի միջին միավորը եղել է 8,8: Հատկապես նոր չափորոշիչների փորձարկման ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչպես բարձրացնել բնագիտական առարկաների ուսուցման որակն ու արդյունավետությունը»,- նշել է Ժ. Անդրեասյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը քննությունների արդյունքները կամփոփի նաև ըստ դպրոցների: Այդ ցուցանիշներին պետք է մեծ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք ցույց են տալիս, թե ինչ բովանդակային անելիքներ կան կոնկրետ առարկաների ուսուցումը բարելավելու ուղղությամբ:

Նոր ուստարին՝ առկա ձևաչափով

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: «Հանրակրթության ոլորտն ընդգրկում է շուրջ կես միլիոն շահառու, և եթե այստեղ կանոնները չպահպանվեն, ընդհանուր վիճակի վրա ազդեցությունն ակնհայտ կլինի»,- համոզված է փոխնախարարը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները` կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար:

Անդրադառնալով ուսումնական պլաններին՝ փոխնախարարն ասել է, որ դրանք արդեն հաստատված են որոշակի փոփոխություններով: Ուսումնական պլանի ամբողջական փոփոխությունները կկատարվեն չափորոշիչների ներդրումից հետո: ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն էլ

պարզաբանել է, որ բոլոր դասարաններում, բացի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններից, գործում են նախկին ուսումնական պլանները: Նոր մշակված ուսպլանների առանձնահատկությունն այն է, որ դրանք կիրառվելու են 2 տարի: Նա նաև նշել է, որ ընթացքի մեջ է տնօրենների վերապատրաստումը. նրանք ծանոթանում են

ուսումնական պլանի մշակման սկզբունքներին: «Նոր ուսումնական տարի մուտք ենք գործելու նորամուծություններով, սակայն պետք չէ տագնապել: Մենք ձեր կողքին ենք, և միասին կհաղթահարենք ցանկացած արգելք»,- վստահեցրել է Ա. Թորոսյանը:

Խորհրդակցությանը ներկա Տավուշի մարզի դպրոցների տնօրենները, կրթական ոլորտի ներկայացուցիչները նախարարի տեղակալին են ուղղել տարաբնույթ հարցեր դրույքաչափի, նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ տարիֆիկացիոն մատյանների կազմման, ֆինանսավորման չափաքանակների, կամավոր ատեստավորման, կրթության կազմակերպման վերաբերյալ:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: