Քթի ձևն ցույց է տալիս ոչ միայն կենսական ակտիվությունը այլ նաև Ձեր բնավորությունն ու գումարի հետ վարվելու կարողությունը
Շատ ազգերի մեջ քիթը խորհրդանշում է հոգին ու կենսական ուժը, իսկ ֆիզիոգնոմիկայում այն ցույց է տալիս ինքներս մեզ ու շրջապատին նյութապես ապահովելու ունակությունը: Քթի մեծությունն ու ձևը ցույց է տալիս ոչ միայն կենսական ակտիվությունը, այլև աշխատանքի հանդեպ մեր վերաբերմունքը ու գումարի հետ վարվելու կարողությունը:
Լայն քիթ (հիմքի մոտ)
Մտերիմների օգնելու պատրաստակամություն: Պատրաստ են կիսվել ունեցածով: Դուք բազմակողմանի օգնություն եք ցուցաբերում սիրելի մարդկանց: Գտնում եք, որ մարդկանց հետ կիսվելը, նրանց աջակցելը ձեր կյանքի կարևոր առաքելություններից մեկն է: Անհրաժեշտության դեպքում չեք հրաժարվում նաև շրջապատի օգնությունից:
Նեղ քիթ (հիմքի մոտ կարծես սեղմված)
Ինքնուրույնություն: Ուրիշների օգնությանը չապավինելը: Դուք սովոր եք հույս դնել միայն սեփական անձի վրա: Ինքնուրույն եք, ինքներդ եք ապահովում ձեզ անհրաժեշտ ամեն ինչով, համարում եք, որ ոչինչ առանց վարձատրության չի արվում ու դժվարությամբ եք ընդունում շրջապատի նույնիսկ ամենաանկեղծ օգնությունը:
Մսոտ քիթ
Ֆինանսական բարեկեցությանը մեծ նշանակություն տալը: Մեծ նշանակություն եք տալիս նյութական բարեկեցությանը, հատկապես՝ եկամուտների մշտական հոսքին: Լավ եք գլուխ հանում ֆինանսական հարցերից:
Մեծ քիթ
Ղեկավարող դիրքի պահանջ: Աշխատանքի մեջ մեծ ներդրում անելու ցանկություն: Աշխատանքային գործունեության մեջ ձգտում եք ամենամեծ դերը խաղալ, այդ պատճառով ձեզ ավելի հարմար են ղեկավարող պաշտոնները, որտեղ կկարողանաք ընդհանուր գործին ամենամեծ ներդրումն անել:
Երկար քիթ
Աշխատանքային միջավայրը վերահսկելու պահանջ: Ձեզ համար կարևոր է վերահսկել այն միջավայրը, որտեղ աշխատում եք, ինչպես նաև ինքնուրույն ընտրել ձեր աշխատաոճը: Ավելի մեծ արդյունքների հասնում եք միայն այն դեպքում, երբ ինքներդ եք որոշում աշխատանքի ռիթմը: Երկար քիթը նաև վառ արտահայտված անհատականության նշան է:
Երկար ու ուղիղ քիթ (պրոֆիլից դիտելիս)
Աշխատանքի տրամաբանված ոճ: Երկարատև պլանավորում: Ձեր ամենաուժեղ գիծը երկարատև պլանների ու ռազմավարության մշակումն է: Դուք բոլորից առաջ եք ընթանում նոր գաղափարների մշակման մեջ ու աշխատանքում հենվում եք տրամաբանության ու առողջ բանականության վրա:
Կարճ քիթ
Պատասխանատվության զգացում: Աշխատասիրություն: Ստանձնած գործը մշտապես ավարտին եք հասցնում: Չեք վախենում ծանր աշխատանքից ու օժտված եք ձանձրալի մանրուքներով զբաղվելու ունակությամբ: Կարճ քիթը նաև բացսրտության ու լավատեսության նշան է:
Կճատ քիթ
Հուզականություն: Գնահատված լինելու պահանջ: Զգացմունքներն ու հույզերը մեծ ազդեցություն են ունենում ձեր աշխատանքի վրա: Եթե աշխատավայրում փոխադարձ աջակցության դրական միջավայր է, ունակ եք գերազանց հաջողություններ արձանագրել: Փոխարենը բացասական հուզական միջավայրում դժվարությամբ եք աշխատում: Դուք աշխատում եք՝ հենվելով զգացմունքների վրա և արված աշխատանքից հուզական բավարարվածություն զգալու պահանջ ունեք: Ձեզ համար նաև շատ կարևոր է, որպեսզի ձեր ջանքերը գնահատվեն, թեկուզ միայն «շնորհակալություն» բառի տեսքով: Կճատ քիթը նաև լավատեսության նշան է:
Քթարմատի մոտ լայնացող քիթ
Բարկանում եք, երբ հայտնվում եք դժվար իրավիճակում: Դուք հակված եք նյարդայնանալ, երբ ձեզ անելանելի վիճակի մեջ են դնում: Դրա հաճախակի պատճառներից մեկը մադկանց՝ նախկինում զբաղեցրած իրենց դիրքից ու պարտավորություններից հրաժարվելն է: Կարող եք խուսափել կոնֆլիկտից, եթե բուռն արձագանքելուց առաջ թույլ տաք մարդկանց համոզվել սեփական կարծիքի մեջ:
Արծվաքիթ (պրոֆիլից դիտելիս)
Խնդրի լուծման հանդեպ ստեղծագործ մոտեցում: Ակտիվություն ու գործնական մտածողություն: Ուրիշներին ղեկավարելու ձգտում: Դուք գնահատում եք գեղեցկությունը, իսկ ձեր իրական տաղանդը՝ խնդիրների ստեղծագործ լուծման մեջ է: Սովորաբար խնդրի լուծման նոր ձևեր եք գտնում ու չեք վախենում փորձարկել դրանք: Դուք բավականին ագրեսիվ ու գործնական մտածողություն ունեք: Ձեզ լավ մասնագետ եք համարում ու սիրում եք ղեկավարել ուրիշներին: Սիրում եք դիտել, թե ինչպես են բարձր գնահատվում ձեր նորարարական գաղափարները: Արծվաքիթը նաև ինքնավերահսկողության ու վատ տեսողական հիշողության նշան է:
Առանց կատարի քիթ (աչքերի միջև տարածությունը համարյա հարթ)
Ավելի լավ է տրվում խմբային աշխատանքը: Դուք ամենից լավ աշխատում եք կոլեկտիվում: Սիրում եք ուրիշ մարդկանց հետ համատեղ գործը, երբ հնարավորություն կա շփվել ու կիսվել ունեցած փորձով: Ինքնուրույն աշխատելու դեպքում անհարմարավետության զգացում եք ունենում: Ձեր ուժը խմբային աշխատանքի մեջ է, կարողանում եք շրջապատի աջակցությունը ստանալ:
Բարձր կատարով քիթ (քթարմատը առաջ է եկած դեմքից)
Ավելի լավ է տրվում ինքնուրույն աշխատանքը: Դուք նախընտրում եք ինքնուրույն աշխատել ու լավագույն արդյունքների հասնում եք, երբ հնարավորություն ունեք ինքներդ ընտրել աշխատանքի ռիթմը: Ձեզ դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը թիկունքից հետևում է ձեր աշխատանքին:
Քթի բարձր ու լայն կատար (քթարմատը կարծես ճակատի շարունակությունը լինի)
Երկաթե կամք: Դուք օժտված եք կամքի ուժով ու վճռականությամբ: Ոչինչ չի կարող խանգարել ձեզ հասնել ուզածին: Անկոտրում վճռականությամբ եք կյանքի կոչում ձեր գաղափարներն ու մտահղացումները: