ՊՆ պահեստազորի փոխգնդապետ, «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանն այն կարծիքին չի եղել, որ սահմանին հարաբերական անդորրը երկար կպահպանվի, հակառակը՝ կարծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն էլ ավելի է սրվելու:
«Ադրբեջանում իրավիճակը շատ անկայուն է: Ադրբեջանն իր գործողությունների հետևանքով հայտնվել է իր համար անհարմար ծուղակի մեջ, և այդ ծուղակից դուրս գալու համար պետք է փորձի գտնել հնարավորություն՝ գոնե ինչ-որ մի բան վնասել և ուռճացրած տարբերակով ներկայացնելով՝ փորձել հանգստացնել հանրությանը:
Դա անելով արցախյան հակամարտության գոտում՝ այդքան բացատրելի չէր լինի, իսկ Հայաստանի դեպքում միջազգային սահմաններ են, լուրջ բախում է համարվում, նույնիսկ չնչին մարդկային կորուստների պարագայում: Հետևաբար՝ խաբելով իր ժողովրդին, որ՝ հայերը հարձակվել են Ադրբեջանի վրա, թեժ
ճակատամարտ է գնում, սա պատերազմ է, և հայտարարի երկրում պատերազմական իրավիճակ, ինչն Ալիևին թույլ կտա բանակը դուրս բերել փողոց և ճնշել ընդդիմադիր զանգվածին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Տիգրան Չոբանյանի խոսքով՝ հայկական կողմի դիրքերի բարելավման արդյունքում շատ լուրջ նվազում են ադրբեջանական կողմի հնարավորությունները՝ վնասելու՝ ինչպես Հայաստանի սահմանը, այնպես էլ՝ սահմանային բնակավայրերը. «Հայկական այդ բնակավայրերն անընդհատ են եղել կրակի տակ, ես շատ լավ
ծանոթ եմ այդ հատվածին: Այստեղ կոնկրետ գործողությունները գնում են բնակավայրերը, ենթակառուցվածքները ավերելու նպատակով, դա արվում է դիտավորությամբ»: