ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Անցած գիշեր ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են վարել սահմանի տարբեր ուղղություններով՝ մասնավորապես՝ Գեղարքունիքում՝ Սոթքի հատվածում և Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ, վիրավորվել է Երասխի համայնքապետը։
Մենք փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ իրավիճակ է Տավուշի սահմանամերձ հատվածներում։
Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանն ու Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը վստահեցրին, որ գիշերն անցել է խաղաղ, կրակոցներ չեն եղել Բերդի և Նոյեմբերյանի ուղղություններով։
Երեկվանից Արարատի մարզի Երասխ համայնքի սահմանին լարված է, մի քանի ժամ տեւել է ինտենսիվ փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
Երասխի համայնքապետի հորեղբոր որդին՝ Արթուրը, մեզ հետ զրույցում ասաց, որ Օղիկյանի առողջական վիճակը լավ է․ «Իրեն լավ է զգում, ամեն ինչ նորմալ է, ուսի շրջանում է եղել վիրավորումը»։
Նա նաեւ փոխանցեց, որ շարունակում են գտնվել հիվանդանոցում, հայտնի չէ, թե երբ դուրս կգրվի, նա ենթարկվել է վիրահատության․ «Վիրահատությունը լավ է անցել, նորմալ է»։
Իսկ սահմանային իրավիճակի մասին այս պահին տեղեկություն չունեին։