Տարածաշրջանային վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ Թուրքիան փորձում է իր քաղաքական ակտիվությունը մեծացնել Հարավային Կովկասում: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կայացած մամուլի ասուլիսին ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Հունիսին և սեպտեմբերին տեղի կունենան Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի համատեղ զորավարժություններ: Այս եռակողմ ձևաչափը մտահոգություն է առաջացնում, որովհետև համագործակցությունը այս երեք երկրների միջև արդեն դուրս է եկել տնտեսական համագործակցությունից և հասել է քաղաքական, նույնիսկ ռազմական ոլորտներ»,- նշեց Սաֆրաստյանը:
Ըստ նրա՝ այս համագործակցությունը ուղղված է Հայաստանի դեմ, քանի որ նպատակ ունի մեկուսացնել մեզ: Ռազմական համագործակցությամբ տարածաշրջանային բալանսը կփոխվի ի օգուտ Ադրբեջանի և Վրաստանի, և այդ գործը իր վրա է վերցրել Թուրքիան:
Արևելագետը տարածաշրջանում Թուրքիայի ակտիվությունը կապում է նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ:
«ԱՄՆ հետ հանդիպումներում Թուրքիան բարձրացնում է քրդերի և Գյուլենի արտահանձնման հարցերը, բայց գիտենք, որ Էրդողան-Թրամփ վերջին հանդիպումը կրել է հիմնականում ձևական բնույթ, քանի որ տևել է ընդամենը 20 րոպե: Բացի այդ, ԱՄՆ զինված ուժերը վերջին շրջանում սկսել են դիրքեր գրավել թուրք-սիրիական սահմանում, սա Թուրքիայի համար ևս մեկ հարված է: Թուրք-ամերիկյան հարաբերությունները ավելի վատացան նաև, երբ Էրդողանի պատվիրակության անդամները ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին»,- ասաց նա:
Սաֆրաստյանի խոսքով՝ թուրքական ղեկավարության համար շատ կարևոր են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, և Հարավային Կովկասում ակտիվացնելով իր քաղաքականությունը, Թուրքիան փորձում է իր արժեքը բարձրացնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:
Ինչ վերաբերում է արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին, նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարծես թե, սկսում են ավելի օբյեկտիվ գնահատել իրադրությունը: Մասնավորապես, խոսքը ՄԽ մայիսի 18-ի հայտարարության մասին է, երբ հստակ ասվեց, որ նախահարձակ կողմը Ադրբեջանն է եղել:
«Սա նոր միտում է, նոր երևույթ է: Կարծում եմ՝ մեր դիվանագիտությունը ամեն ինչ պետք է անի, որ սա պահպանվի և ավելի խորանա»,- նկատեց Ռուբեն Սաֆրաստյանը: