Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում ներկա չեն եղել երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ինչպես հայտնել է Ադրբեջանի նախագահի արտաքին
քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը, դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ: Ավելի վաղ Ալիևն այցելել էր ԼՂ մի շարք այլ տարածքներ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ուղևորությունից երեք դեսպանների հրաժարումը
մեծ իրարանցում է առաջացրել. տեղի ունեցածն անվանել են «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրել «հայամետ» դիրքորոշման մեջ։ «Այս դեմարշը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա: Ամեն դեպքում, բացառությամբ Ֆրանսիայի, Ադրբեջանը
ռազմավարական գործընկերություն է կառուցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Եվ նման դիրքորոշումը լուրջ վնաս կհասցնի այդ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վիրավորանքը հասցվել է ոչ թե կառավարությանը, այլ ողջ ադրբեջանական հասարակությանը»,-հայտարարել է Հաջիևը: Նշենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են։