ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆՁՆՈՒՄ
Հայաստանը չունի արտաքին գործերի նախարարություն, չունի բանակ այն ամրությամբ, որ ունակ լինի պաշտպանելու մեր պետական սահմանները: Թուրքիայի հետ սահմանը ռուս սահմանապահն է հսկում, Սյունիքում ռուս սահմանապահ զինվորն է կանգնած, Գեղարքունիքում ռուսական նոր ռազմաբազա
տեղակայելու բանակցություններ են ընթանում: Մե՛նք չենք մեր սահմանների տերը, չունենք արտաքին աշխարհի հետ հարաբերվելու դիվանագիտական լեզու: Այս երկու անհրաժեշտ միավորների բացակայության դեպքում կարող ենք հստակ արձանագրել, որ չունենք ինքնիշխանություն, պետություն ու պետականություն:
Բանակ ու դիվանագիտություն չունենք այն պայմաններում, երբ Ադրբեջանի հետ պատերազմն ավարտված չէ. Արցախի տարածքից տեղափոխվել է Հայաստանի տարածք: Թշնամին ոչ միայն ԼՂՀ գրաված տարածքներում է, այլեւ ՀՀ տարածք է ներխուժել երկու կողմից` Սյունիքի եւ Գեղարքունիքի ուղղություններով: Մեր բանակն ի
վիճակի չէ պաշտպանելու մեր պետական սահմանը`ուժով դուրս մղելով թշնամուն: Մեր արտաքին գործերի նախարարությունն ունակ չէ բանակցելով, միջազգային ուժի իրավունքով թշնամուն ստիպել` վերադառնալ նախկին դիրքերը: Մենք հանձնվել ենք թշնամուն եւ չունենք պաշտպանություն ո՛չ ներսից, ո՛չ էլ դրսի աշխարհից, որովհետեւ դադարել ենք պետություն լինելուց եւ ընդամենը վիճելի տարածք ենք Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ:
Ադրբեջանի հետ պատերազմում պարտվեցինք, ստորագրեցինք Արցախի կապիտուլյացիան կամ` զինադադար: Կորցրինք Արցախի 75 տոկոսը, իսկ մնացած 25 տոկոսը ռուս խաղաղապահների հսկողություն տակ է:
Հաջորդող քայլը կամ պարտությունը Հայաստանի ինքնիշխանության կորուստն է: 1994-ին Ադրբեջանը պարտվեց նույն պատերազմում, կնքվեց զինադադար, բայց չկորցրեց իր ինքնիշխանությունը: Չհրաժարվեց բանակ եւ դիվանագիտություն ունենալուց: Մենք ուղղակի հանձնվում ենք:
Արցախի համար էր պատերազմը, եւ կորցրինք Արցախը: Ինչո՞ւ ենք Հայաստանը հանձնում, երբ Հայաստանի համար նախատեսված չէր պատերազմ ո՛չ բարեկամ, ո՛չ թշնամի երկրների լուռ կամ բացահայտ համաձայնությամբ: Արցախն էր կռվախնձորը, տվեցինք: Բայց պարզվում է, որ կռվախնձորը Հայաստանն էր եւ է. Արցախն ընդամենը միջոց էր:
Ադրբեջանը եւ Թուրքիան հայտարարում են Սյունիքով` Մեղրիի միջանցքով միանալու մասին, որ վերջապես այդ խնդիրը լուծված է: Մենք չենք հակադարձում, որովհետեւ չունենք դիվանագիտություն` թշնամուն պատասխանելու լեզու` ի լուր աշխարհի: Չունենք բանակ` թշնամուն մեր սահմաններից դուրս մղելու ուժ` ի տես աշխարհի: Կա՛մ խոսքով է իր ուզածին հասնելու, կա՛մ ուժով. մենք երկու հնարավորությունն էլ տվել ենք թշնամուն` երկու ճակատում էլ մեր կարողությունները զրոյացնելով:
Միայն միջանցքը բավարար չէ, տարածքներ է ուզում, տարածքներ է ուզում ոչ միայն Սյունիքից ու Գեղարքունիքից, նաեւ Արարատից ու Տավուշից: Սա դեռ ամբողջը չէ, սա թրքական այսբերգի երեւացող մասն է:
Մենք պողպատե մանդատ եւ մուրճ տվեցինք մեր վարչապետի ձեռքը՝ ոչ թե պետություն կերտելու եւ թշնամուն մեր սահմաններից դուրս քշելու, այլ երկրի ներսում ընդդիմացողների` պետություն ու պետականություն չզիջողների գլուխը ջարդելու համար:
Հուսիկ Արա