ՋՐԱՅԻՆ «ԶԵՆՔԸ»՝ ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն օրերս գրել է, թե Ադրբեջանն ու Թուրքիան հիմա սկսել են օգտագործել այդ «զենքը» ընդդեմ մնացյալ Հայաստանի: Դա է՝ ջրային ռեսուրսների միակողմանի օգտագործումը, ջրամբարների կառուցումը և գետերի հուների փոխումը պետական մակարդակով։ «Արցախի ջրային կարևորագույն
ակունքներն ու ռեսուրսներն այլևս թշնամու ձեռքին են: Առանց կռվի հանձնված է տարածաշրջանի ջրային գերռեսուրս Քարվաճառը, Թուրքիայում Ախուրյանի վրա ջրամբար է կառուցվում, որ գրեթե ցամաքեցնելու է գետը Հայաստանի հատվածում, բուն ՀԽՍՀ սահմաններից ներս օրեր առաջ զավթված բարձունքների մի զգալի
մասը հենց լեռնային ջրավազաններն են, որոնցից ջրառի անհնարինությունը ոչնչացնելու է շրջակա տասնյակ բնակավայրեր:
Հայաստանի ներսում Սևանի աղտոտումը, որի արդյունքում ջուրը թունավորվում է և կանաչ գույն ստանում` ռեժիմի կողմից չի կասեցվում:
Մյուս կողմից շարունակում են ողջ թափով գործել Արարատյան դաշտի ձկնաբուծարանները, որոնք ամենավայրագ ջրի սպառմամբ առհավետ ոչնչացնում են ստորգետնյա ջրավազանի չվերականգնվող ռեսուրսը:Կլիմայի փոփոխությամբ վերանում են սառցադաշտերն ու գագաթային ձնադաշտերը, որոնք, իրենց հերթին, երբեմնի ջրառատ Հայաստանը մատնելու են ջրային քաղցի»,-գրել է Մարտիրոսյանը։
Համացանցում տարբեր օգտատերեր ևս ահազանգում են, թե ադրբեջանցիները ինչ -որ գործողություն են անում Թարթառ գետի հետ կապված։ Կասկածներ կան, որ ադրբեջանցիները Քարվաճառի հատվածից հին Գանձակ/ Կիրովաբադ տանող ճանապարհով Թարթառ գետի ջրերը ցանկանում են տեղափոխել Կիրովաբադ տանող Յանշաղ-Չոպռլու հատվածով։ Ենթադրություն՝ կառուցվելու է ջրահավաք ավազան, որ հետագայում ինքնահոսով ապահովեն գետի ուղու շեղումը։
Լրագրող Նաիրի Հոխիկյանը, որը 5 մատի պես գիտի տեղանքն ու ծանոթ է խնդրին, «Հրապարակի» հետ զրույցում գոնե Թարթառի հունը փոխելու մասով բացառեց։ Գրեթե։ «Իրականում դա անհնար բան է։ Ֆիզիկապես։ Դա մի քանի տասնյակ միլիարդների գումար է։Սա, եթե նման փորձեր կան էլ, պարզապես
հոգեբանական ճնշում է մեզ վրա։ Ես այս հարցով խոսել եմ նաև Դավիթ Բաբայանի հետ, որը 2008 թվականից զբաղվում է Արցախի ջրային խնդիրներով։ Բացի այդ, գետի հունը փոխելու գործողությունը ոչ միայն անհնար է, այլև անիմաստ, քանի որ Թարթառը Սարսանգի ջրամբար լցվելուց հետո գնում է ադրբեջանցիների
վերահսկողության տակ անցած Մատաղիսի ջրամբար, որը սնում է արևմտյան Ադրբեջանի շրջանները»,-ասում է Հոխիկյանը։
Նույնը մեզ հետ զրույցում կրկնեց արցախյան բարձրաստիճան մի զինվորական։«Մենք էդ ջուրը միայն հոսանքի համար ենք օգտագործում, միևնույն է՝ էդ ջուրը գնում է Ադրբեջանին, նենց չի, որ մեզ է մնում»։