ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՑ 2-Ը ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԵՆ 2 ՏԱՐՎԱ, ԻՍԿ 12-Ը՝ 6 ԱՄՍՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Այսօր հրապարակվեց Ադրբեջանի կողմից օկուպացված Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի (Արցախի Հադրութի շրջան) հատվածներից գերեվարված 14 հայ ռազմագերիների գործով դատավճիռը։
Դատարանը Գեղամ Սամվելի Սերոբյանին, Հրաչ Արզումանի Ավագյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման, իսկ Արմեն Եղիազար Բաղասյանին, Գոռ Վահրամի Գասպարյանին, Կամո Կարենի Սեֆիլյանին, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանին, Գեւորգ Նորայրի Հասերթյանին, Սիսակ Գրիշայի Ենգոյանին,
Ալբերտ Կոմիի Պետրոսյանին, Ռոմիկ Միսակի Սեդրակյանին, Արամ Գառնիկի Մինոսյանի, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանին, Էդգար Վաչագանի Մաթեսյանին և Յուրի Տիգրանի Կարապետյանին՝ 6 ամսվա ազատազրկման:
«Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, ապօրինի կերպով ձեռք բերելով զենք, դրանց համար նախատեսված բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, ստեղծել են զինված կազմավորում։ Այս զինված կազմավորման անդամները 2020 թվականի նոյեմբերի 26-27-ը կազմակերպված խմբի տեսքով ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը, մարտական դիրքեր զբաղեցրել Խոջավենդի շրջանի [Արցախի
վարչատարածքային բաժանման համաձայն՝ Հադրութի շրջանի] Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող անտառում և այլ տարածքներում: Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 13-ի ժամանակահատվածը նրանք հարձակումներ են գործել ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների և
անհատների վրա, կազմակերպել պայթյուններ, հրդեհներ և այլ ահաբեկչական գործողություններ, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար, կարող են զգալի գույքային վնաս հասցնել կամ հանգեցնել այլ հանրային վտանգավոր հետևանքների՝ հանրային անվտանգությունը խաթարելու,
բնակչության շրջանում խուճապ առաջացնելու կամ Ադրբեջանի պետական մարմինների կամ միջազգային կազմակերպությունների որոշումների կայացման վրա ազդելու համար», — նշվում է Ադրբեջանի իրավապահ մարմինների «հետաքննության» մեջ։
Սակայն ամեն ինչ ուղիղ հակառակն է եղել։ Դեկտեմբերի 13-ին ադրբեջանցիները, խախտելով Նոյեմբերյան եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարը, հարձակումներ էին գործել հայկական վերահսկողության տակ մնացած Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերի դիրքերի ուղղությամբ ու գերեվարել շիրակցի 62 պահեստազորայինի։ Պահեստազորայիններից Ադրբեջանը վերադարձրել է միայն 9-ին, մնացած 53-ը, ըստ Բաքվի, «հանցագործներ են»։
Հայ պահեստազորայինները մեղադրվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3 հոդվածներով (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված ահաբեկչություն, կազմակերպված խմբի կամ հանցավոր միության (հանցավոր կազմակերպության) կողմից հրազենի և որպես
զենք իրերի օգտագործմամբ), 228.3 (կազմակերպված խմբի կողմից զենք, դրա բաղկացուցիչ մասերը, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում), 279.2 (զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում,
որոնք նախատեսված չեն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ, հարձակում, այդ կազմավորումների կամ խմբերի կազմում հարձակում ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների կամ առանձին կազմակերպությունների կամ առանձին անձանց վրա) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության
պետական սահմանի ապօրինի հատում նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից) հոդվածներով:
Դեկտեմբերին գերեվարվածներից 12-ին 6 ամսվա ազատազրկման դատապարտելը կարող է նշանակել, որ նրանք կարող են ազատ արձակվել, քանի որ լրացել է պատժի կրման ժամկետը։