«Գազպրոմ Արմենիան» հնարավոր է գազի սակագնի թանկացման հայտ ներկայացնի. Գարեգին Բաղրամյան

«Գազպրոմ Արմենիան» հնարավոր է գազի սակագնի թանկացման հայտ ներկայացնի. Գարեգին Բաղրամյան

Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: Այս մասին Lragir.am-ին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա ասաց, որ գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերում է միայն սահմանին վաճառվող գազին, բայց սա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով:

Հարցին, թե այսինքն՝ միայն թանկացնելու համա՞ր պետք է լինի հայտը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Դե սահմանին տասնհինգ դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով երեսուն դոլարով է բարձրացել, քանի որ այսօրվա գործող սակագներով շուրջ տասնհինգ դոլար Գազպրոմն իր վրա է

վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն հարյուր երեսունհինգ դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսք է գնում այն մասին, որ շուրջ երեսուն դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը աճել է»:

Հիշեցնենք, որ 2019 թվականի վերջին տեղեկություն եղավ, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019-ի մակարդակին:

Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին թանկացել էր 2019 թվականի սկզբին՝ սահմանվելով հազար խմ դիմաց 165 դոլար: Նախքան այդ, գինը հարյուր հիսուն դոլար էր:

Երբ 2019 թվականին սահմանին վաճառվող գազի գինը թանկացավ, Հայաստանի կառավարության անդամները հայտարարեցին, որ ներքին սպառողի համար գազի գինը չի բարձրանա:ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա:

2019-ի ընթացքում սպառողի համար գնի փոփոխություն չեղավ, իսկ կառավարության անդամների կողմից հայտարարվում էր, որ «Գազպրոմի» ներքին խնայողությունների հաշվին է, որ գինը չի թանկանում:

Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցինք՝ այսօր կառավարությունն այլևս չի՞ բանակցում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որպեսզի ներքին սպառողի համար սակագնի թանկացում չլինի: «Իհարկե, բանակցում ենք: 2019 թվականին արդեն հասանք նրան, որ որևիցե բարձրացում չեղավ, բայց հիմա չեմ բացառում, որ կլինի»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ շարունակել ներքին ռեսուրսների հաշվին ֆինանսավորել թանկացումը, նա պատասխանեց. «2013-2018 թվականների պայմանագրով, երբ հանձնաժողովը որևէ գործունեություն չէր իրականացնում, այլ համաձայնագրերով էր պարտադրվում սակագինը, կային կուտակված գումարներ և

խնայողություններ, որի արդյունքում ու բանակցությունների շնորհիվ դա հնարավոր եղավ: Հիմա քննարկումները շարունակվում են, բայց ամեն դեպքում դա հավերժ չի կարող լինել»,- ասաց նա:

Գարեգին Բաղրամյանը հավելեց, որ դեռևս հայտ չկա, բայց չի բացառվում նաև, որ կլինի: Իսկ, թե քանի՞ տոկոսով կարող է թանկանալ գազը սպառողի համար, նա պատասխանեց, որ չի կարող հիմա ասել:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: