Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել. Պեսկով
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հինգշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Մոսկվայի կողմից օգնության թեման՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ անհանգստություն է արտահայտել սահամանային իրավիճակի հետ կապված: Այդ մտահոգությունը կիսել է նախագահ Պուտինը: Նախագահ Պուտինը հատուկ ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր կետերի իրագործման անհրաժեշտությունը»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կայացել է Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին, ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ն «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Նույն օրը երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ-ին դիմելու մասին։