ՕՏԱՐԻ ՏՈՒՆ ԴՈԻ ՉԳՆԱՍ ԵՎ
ՉՏԱՍ ՔՈ ՏՈՒՆՆ ՕՏԱՐԻՆ
Վերջին անգամ արի նստենք,
Մի քանի բառ ասեմ՝ գնամ:
Քեզ ուխտավոր ասեմ, ինձ էլ
Մատաղի գառ, ասեմ՝ գնամ:
Օտարի տուն դու չգնաս
Եվ չտաս քո տունն օտարին…
Տանդ մնա և միշտ պահիր
Օջախդ վառ, ասեմ՝ գնամ:
Ոտքերիդ տակ փռված մնան
Թավշյա փեշերը դաշտերի,
Ծիվ -ծիվ կանչեն գլխիդ վերև
Ծիտ ու ծիծառ, ասեմ՝ գնամ:
Արդար բաշխիր հացդ արդար
Սովյալներին և անկյալին,
Տուր թող ուտեն , չխնայես
Ոչ մի պատառ , ասեմ՝ գնամ:
Հողն է տվել քեզ ամեն ինչ,
Բաշխիր հողին ինչ որ ունես,
Որ պարտեզը պարտեզ մնա,
Անտառն՝ անտառ,ասեմ՝ գնամ:
Քեզ համար ի՞նչ սառնամանիք…
Հրեղեն է մեր հող ,և
Նրա մի բուռ ձյունի մեջ էլ
Կա մի ամառ, ասեմ՝ գնամ:
Մի բուռ ազգ ենք ու հող մի բուռ,
Եվ այդ հողում ամենից շատ
Քարերն են շատ… Ամեն քարին
Ես արծվի թառ, ասեմ՝ գնամ:
Ծաղիկն ու միրգն ո՞վ վայելեց,
Որ ինձ փուշը մնաց բաժին…
Ես իմ բաժին ամեն փշին
Դրախտի ծառ, ասեմ՝ գնամ:
…Ու երբ կանգնի գլխիս վերև
Հարկահավաքն անէության,
— Բարով եկար, ուշ ես գալիս,
Արևս առ,ասեմ՝ գնամ:
Համո Սահյան