Ուժ ամեն օրվա համար
Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ եւ տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու՛ ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու՛ ինձ հետեւողական եւ պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների եւ փորձի առջեւ, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրի՛ր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին եւ ապա՝ երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն եւ զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ եւ չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը ողջ ընթացքով, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
Օգնի՛ր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, եւ ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնի՛ր ինձ լինել այստեղ եւ հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարեւորն ու գլխավորը: Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տու՛ր ինձ հստակ
գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները եւ անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում: Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկի՛ր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տու՛ր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի եւ քնքուշ այդ նվերին: Դարձրու՛ ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքեւում են: Պահպանի՛ր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տու՛ր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:
Անտուան Դ՛ը Սենտ Էքզյուպերի
Սուրբ Հաղորդություն ստանալուց հետո
Դու, որ մեր տկար բնության փորձառությունը ունեցար, ո՜վ մեր քահանայապետ Հիսուս, Քեզ ենք նայում: Դու, որ մեզ համար մեղքի պատարագ եղար, որպեսզի մենք քեզ համար արդար լինենք, Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք քեզ համար երկնավոր լինենք, Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք
Քեզ ճաշակելով սրբվենք, տո՛ւր վշտերով լեցուն քո մարմինը, որպեսզի բոլոր սրտերը քեզ ճաշակեն եւ սրբվեն: Մատռվակի՛ր վտակի պես կաթկթող քո անմեղ արյունը, որպեսզի մարդիկ անմեղությամբ հագենան: Երկարի՛ր փրկարար խաչդ` այս աշխարհի ծովում լողացողներիս, մեզ վեր` դեպի Քեզ բարձրացնելու համար: Շնորհքի կարոտ ենք, սփռի՜ր, հոգնած ենք մեղանչելուց, քավի՛ր, խավարի մեջ ենք խարխափում, ճառագայթի՛ր. մեր հավատքից տապալվել ենք, հաստատի՛ր:
Դո՛ւ ես հույսը, Դո՛ւ ես լույսը, Դո՛ւ ես կյանքը, Դո՛ւ ես քավությունը, Դու ինքդ ես անմահությունը, Քե՛զ ենք սպասում, քո շնորհի կռթնածներս, Քեզնից փրկություն ստանալու կարոտ ենք Քո մարմնին միացածներս: Քե՛զ որպես քավիչ քահանա ունենք. մենք` Քո արյունով գնված հոտդ:
Նայի՛ր բոլորիս, սփոփիր մեր տարակուսանքները Քո փրկագործությամբ, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունները Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնած հոգիները Քո օթեւանների մեջ, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, եւ նույնը մեզ խոստացար: Եվ արժանացրո՛ւ մեզ` քեզ պատկանողներիս, որ փառավորենք Քեզ, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին` հավիտյանս հավիտենից. Ամեն: