Կհետաձգվեն արդյո՞ք Վերջին զանգն ու միասնական քննությունները. հարց փոխնախարարին
«Այս պահին քննարկում ենք մի քանի հավանական սցենարներ, թե ինչպես կիրականացնենք ուսումնական գործընթացը և դրա հետ կապված մնացած քայլերը, մեր լավատեսական մոտեցումն այն է, որ կունենանք որոշակի գործընթաց, բայց պատրաստ ենք նաև մյուս բոլոր տարբերակներին: Կարծում եմ՝ առաջիկայում
արդեն հստակ կլինի»,- ապրիլի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Վերջին զանգի միջոցառումները կկայանան, ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին նախարարության քաղաքականությունը եղել է այն, որ Վերջին զանգը ոչ թե արտաքին ճոխություն և ցուցադրական միջոցառում է, այլ հոգեվիճակ է, ուրախություն:
«Վերջին զանգը այս օրերին, կարծում եմ, ավելի մեծ չափով ու խորությամբ ենք անելու, և այս տարի Վերջին զանգը բոլորիս համար կունենա այլ նշանակություն»,- ասաց Անդրեասյանը: Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք միասնական քննությունները ևս կհետաձգվեն, պատասխանեց.
«Հիմա մի քանի սցենարներ ենք քննարկում, արդեն նախնական քննարկում եղել է ևˊ քննությունների կազմակերպման, ևˊ ժամկետների ու իրականացման ձևերի հետ կապված: Այս շաբաթ շարունակելու ենք քննարկումները, հիմա աշխատում ենք, և առաջիկայում արդեն կտեղեկացնենք»: