Թեստոստերոնի ցածր մակարդակը բավականին լուրջ խնդիր է, որը կարող է ազդել տղամարդու կյանքի բոլոր ասպեկտների վրա: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, цածր տեստոստերոնի ախտանիշներն են սեռական մղման նվազումը, մկանների զանգվածի կորուստը, թուլությունը եւ տրամադրության, աշխատունակության անկումը:
Մասնագետի խոսքով՝ ցածր տեստոստերոնը կարող է ունենալ տարբեր պատճառներ: Երբեմն տեստոստերոնի արտադրության հետ կապված տարբեր գեղձերում խնդիրներ են լինում՝ հիպոթալամուս, հիպոֆիզ կամ ամորձիներ:
Արդյոք հնարավո՞ր է բարձրացնել տեստոստերոնի մակարդակը ՝ փոխելով կենսակերպը:
Պարզվում է՝ հնարավոր է:
Քնի հիգիենա
Տղամարդու օրգանիզմը տեստոստերոն է սինթեզում, երբ նա քնում է: Արդյունքում, որքան քիչ է նա քնում, այնքան պակաս տեստոստերոն է արտադրում նրա մարմինը:
Երիտասարդ տղամարդկանց շրջանում կատարված ուսումնասիրության արդյունքում հետազոտողները պարզել են, որ քունը 1 շաբաթ կրճատելուց հետո տեստոստերոնի մակարդակը նվազել է 10% -ով:
Ավելի լավ քնելու համար տղամարդիկ կարող են հաշվի առնել հետեւյալ խորհուրդները.
Գիշերային քունը կարևորեք ՝ ամեն գիշեր յոթից ինը ժամ որակյալ քնելու նպատակ ունենալով:
Հանգստացեք եւ «անջատեք» համացանցը քնելուց առաջ:
Խուսափեք հեռուստացույցների, սմարթֆոնների և պլանշետների օգտագործումից:
Կրճատեք կոֆեինի և ալկոհոլի օգտագործումը:
Պարբերաբար մարզվեք:
Քնեք եւ ամեն օր նույն ժամին արթնացեք:
Կառավարեք սթրեսը:
Քաշի կարգավորում
Ճարպակալումը կապված է նաեւ ցածր տեստոստերոնի հետ: Սովորաբար, տղամարդու որոշ տեստոստերոն վերածվում է մեկ այլ հորմոնի, որը կոչվում է էստրոգեն: Այս գործընթացը սովորաբար տեղի է ունենում ճարպային բջիջներում: Այսպիսով, ավելորդ քաշ կամ գեր լինելը կարող է մեծացնել էստրոգենի վերածված տեստոստերոնի քանակը եւ, իր հերթին, նվազեցնել տեստոստերոնի ընդհանուր մակարդակը:
Քաշը վերահսկողության տակ պահելու համար տղամարդկանց խորհուրդ է տրվում.
Ուտել առողջ սնունդ՝ մրգեր, բանջարեղեն եւ ամբողջական ձավարեղեն:
Խուսափեք շաքարավազներից եւ վերամշակված կերակուրներից:
Պարբերաբար մարզվեք եւ ակտիվ մնացեք:
Տեստոստերոնի արտադրությունը կարող է խաթարվել որոշ դեղամիջոցների եւ հորմոնների միջոցով: Օրինակ, անաբոլիկ ստերոիդները կամ աշխատունակությունը բարձրացնող այլ դեղամիջոցներ կարող են խանգարել տեստոստերոնի արտադրությանը, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել դրանցից:
Պետք է խուսափել նաեւ այն հավելումներից, որոնք իբրեւ թե խթանում են տեստոստերոնի մակարդակը:
Մասնագետի խոսքով, ցածր տեստոստերոնի ախտանիշներով, սեռական ցանկության նվազմամբ տղամարդկանց համար բժշկին դիմելը շատ կարեւոր է: Մանրակրկիտ ֆիզիկական քննությունը կարող է բացահայտել ցածր տեստոստերոնի այլ հնարավոր պատճառներ, ինչպիսիք են բորբոքումը կամ վարակը: Սեքսոլոգիական համալիր բուժումը հնարավորություն է տալիս լիարժեք վերականգնել սեքսուալ ֆունկցիան, մինչդեռ սխալ ինքնաբուժումը կարող է միայն վատթարացնել պացիենտի վիճակը: