Տրանսպորտում միշտ էլ զավեշտալի դեպքեր են լինում: Այս դեպքին ականտես եմ եղել ինքս և ասեմ, որ իսկապես զվարճացա ամբողջ հոգով: Ավտոբուսը լեցուն էր: Ամեն կանգառում ուղևորների քանակը շատանում էր, հասկանալի է, աշխատանքից տուն վերադառնալու ժամն է, բոլորը տուն են գնում: Մի երիտասարդ աղջիկ,
ձեռքի ծանր պայուսակը դրեց նստարանին, որտեղ նստած էր և գնաց ուղեվարձը վճարելու: Հենց այդ պահին մի նիհար, ոչ հաճելի արտաքինով միջին տարիքի մի տղամարդ վերցրեց պայուսակը, և նստեց՝ պայուսակը դնելով ոտքերի մոտ:
Երիտասարդ աղջիկը վերադարձավ և քաղաքավարի դիմեց այդ տղամարդուն.
-Կներեք, բայց դա իմ տեղն է, ես գնացի ուղեվարձը վճարելու, միգուցե զիջեք իմ տեղը ինձ:
Քե՞զ, — ամբարտավան տոնով հարցրեց այդ տիպը, — ինչո՞ւ զիջեմ, նստիր ծնկներիս, երկուսիս էլ լավ կլինի, ուղևորներին էլ չես խանգարի, մի վախեցիր, չեմ նեղացնի:
Երիտասարդ աղջիկն ամոթից կարմրեց, կարկամեց: Այդ պահին միջամտեց մի հաղթանդամ տղամարդ, որ ծանրամարտիկի տեսք ուներ, մոտ երկու մետր հասակով և երևի 140 կգ քաշով;
-Օրիորդ, դուք շատ տեղ չեք զբաղեցնում, ես հաղթանդամ եմ, ես կնստեմ, — և թրմփալով նստեց այդ տիպի ծնկներին:
-Լսի՛ր, իջիր, ծնկներիցս, — հազիվ էր ձայնը փորից դուրս գալիս: Հավանաբար այդ տիպը հաջորդ անգամ նման անպարկեշտ առաջարկություն անելու ցանկություն չունենար։