Մոտ ժամանակում բժշկական կազմակերպություններին կտրամադրվեն ֆինանսական փոխհատուցումները։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունը՝ ի պատասխան մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե բուժաշխատողներն աշխատավարձ չեն ստացել։
«Առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպություններին ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար փոխհատուցում է տրամադրում։
2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի՝ թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են:
Միևնույն ժամանակ նշենք, որ մոտ ժամանակում ֆինանսական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում՝ «Շտապօգնություն» ՓԲԸ-ին»,- նշված է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ: