Ինչպես են արտախորհրդարանական քաղաքական ուժերն արձագանքել արտահերթ ընտրությունների հայտարարությանը.

Արտախորհրդարանական քաղաքական ուժերը արձագանքել են հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ըստ այդմ՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ողջունել է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը և համարել է ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց:

«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններին բարեկրթության ու հանդուրժողականության մթնոլորտում անցկացնել քարոզարշավը, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել քվեարկությանը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ:

«Հայ Ազգային Կոնգրես»-ը առանցքային նշանակություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, մերժելով «մեծամասնական-ռեյտինգային» ընտրակարգով արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀԱԿ-ը գտնում է, որ առկա քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության, ընդամենը ծառայելու է խորհրդարանական կուսակցությունների կոնյունկտուրային շահերին եւ հրահրելու նոր քաղաքական ճգնաժամեր

«Մինչդեռ, 2021 թ. մարտի 9-ին Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության կողմից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Որոշակի թերություններով հանդերձ, օրինագիծը լուծում է ընտրությունները գաղափարական, քաղաքական հիմքով անցկացնելու խնդիրը, քաղաքական համակարգը առավելապես զերծ պահելով գործող Ընտրական օրենսգրքի ընձեռած՝ ընտրակեղծարարության եւ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի օգտագործման համակարգային հնարավորություններից։

Առանցքային նշանակություն ունի, հատկապես, անցումը պարզ համամասնական ընտրակարգի և այսպես կոչված «ռեյտինգային» համակարգի ապամոնտաժումը, որը ծրագրային հենքի վրա պայքարն ընտրություններում ըստ էության փոխարինում էր փողատերերի եւ կրիմինալ հեղինակությունների մրցակցության։ Հայաստանի քաղաքական ուժերը հետևողականորեն հետապնդել են այդ նպատակը շուրջ 15 տարի, և դրա շուրջ ձևավորվել էր լայն հասարակական կոնսենսուս՝բացառությամբ Հանրապետական կուսակցության»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը նույնպես կարծում է, որ ռեյտինգային ընտրակարգով ընտրությունները ապաքաղաքական ընտրություններ են լինելու, լինելու է բացառապես ռեսուրսների պայքար։

«Ավելին, այդ ընտրությունները ոչ մի կերպ չեն նպաստելու քաղաքական դաշտի առողջացմանը, և լավագույն դեպքում ընդամենը հետաձգելու են ճգնաժամը, որն ավելի է խորանալու ու դառնալու դժվարամարս»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Միսկարյանը:
«Հայրենիքի փրկության շարժում»-ը արտահերթ ընտրությունների անցկացնելու մասին հայտարարությունից հետո վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին չի պատրաստվում մասնակցել:

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իրենք կմասնակցեն արտահերթ ընտրություններին:

(Visited 14 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: