Աստուած բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապէս խօսեց մեր հայրերի հետ մարգարէների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը: Նա, որ լոյսն է նրա փառքի եւ բուն պատկերը նրա Էութեան, որ իր խօսքի
զօրութեամբ հաստատ է պահում տիեզերքը: Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց յետոյ նստեց Աստծոյ մեծութեան աջ կողմում՝ բարձունքներում: Նա այնչափ գերազանց եղաւ հրեշտակներից, որ նրանցից շատ աւելի անուն ժառանգեց:
Մենք չգիտենք, թե որքան մեծ է աղոթքի օգտակարությունը, դրա համար էլ այն չենք անում ամբողջ ուշադրությամբ և ջանասիրությամբ ու չենք վարժվում նրանով Աստծո օրենքի համեմատ: Երբ մենք մտադրվում ենք խոսել մարդկանցից մեկի հետ, որը բարձր է մեզանից, այնժամ կարգի ենք բերում մեր արտաքին տեսքը,
անգամ մեր քայլվածքը, մեր հագուստը և ամեն ինչ, ու նոր խոսակցության մեջ ենք մտնում: Իսկ երբ մոտենում ենք Աստծուն, սկսում ենք հորանջել, քորվել, այս ու այն կողմ շրջվել, լինում ենք անփույթ, ծնրադրում ենք, իսկ ինքներս մտովի թափառում ենք: Բայց եթե մոտենանք համապատասխան երկյուղածությամբ, այնպես, ինչպես
հարկն է զրուցել Աստծո հետ, կհասկանանք, թե ի՞նչ մեծ օգուտ կարող ենք ստանալ հենց միայն աղոթքի կատարումից, դեռ աղոթքի պատասխանը չստացած․․․: Իսկ Աստծո կողմից լսելի լինելը կախված է հետևյալ պայմաններից․
Նախ, եթե արժանի ենք ստանալու խնդրվածը․
Երկրորդ՝ եթե աղոթում ենք Աստծո օրենքի համաձայն․
Երրորդ՝ եթե աղոթում ենք անդադար․
Չորրորդ՝ եթե չենք խնդրում ոչ կենցաղային բան․
Հինգերորդ՝ եթե խնդրում ենք օգտակարը․
Վեցերորդ՝ եթե կատարում ենք մեզանից պահանջվող պարտավորությունները:
Այս կերպ շատերը լսելի եղան:
Ո՞վ էր Պողոսից առավել բարեպաշտ, բայց երբ նա խնդրեց անօգտակարը, լսելի չեղավ․ «Երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ Նա ինձանից հեռացնի: Բայց ասաց ինձ,- Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ. Կորնթ․12:8-9)․․․։