Դաժանորեն սպանված կուրսանտի գործով դատն ավարտվում է. հարազատները պահանջում են ցմահ ազատազրկում․

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը հասել է ավարտական փուլին։ Գործով մեղադրող դատախազ Վիգեն Հարությունյանը հանդես է եկել մեղադրական ճառով։

Գործով ամբաստանյալներից Գնել Թեւոսյանի եւ Վաչե Սահակյանի համար դատախազը դատարանից պահանջել է 20 տարվա, իսկ Նորիկ Սահակյանի եւ Մովսես Ազարյանի համար՝ 18 տարվա ազատազրկում։NEWS.am-ի հետ զրույցում սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, պնդեց, որ գործով չորս ամբաստանյալներն էլ պետք է ցմահ ազատազրկման դատապարտվեն։Նա դժգոհ էր մեղադրող դատախազի ճառից։

«Ես այդպես էլ չհասկացա դատախազների մոտեցումը։ Իրենց պատճառաբանությունն այն է, որ ամբաստանյալները երիտասարդ են, նրանց 18 տարին նոր լրացել է։ Մենք մեր հայտարարության մեջ շեշտեցինք, որ պահանջում ենք ցմահ ազատազրկում։ Դատավորն է վերջնական որոշումը կայացնելու։ Կտեսնենք՝ արդյոք դատական համակարգը մեռա՞ծ է, թե՞ կենդանի։

Դատախազն ինձ նիստի ընդմիջման ժամանակ ասում է՝ մեզնից կախված չի, դատավորից է կախված, ես էլ ասացի՝ այդ դեպքում դուք էլ ձեր ճառում ցմահ պահանջեիք։ Ինձ դատախազն ասում է՝ սպանությունները հետաքննել ենք, եզրահանգել ենք, որ 18-20 տարեկանի համար այդ չափն է ճիշտ։ Ասում եմ՝ լավ, Հայաստանում էլ ի՞նչ աստիճանի դաժան սպանություն պիտի լինի, որ դուք ասեք՝ ցմահ դատապարտեք»,- ասաց սպանված կուրսանտի հայրը։

Արկադի Բարսեղյանը նշեց, որ գործով չորս ամբաստանյալներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում.
«Այդ չորս տականքներն իրենց այնպես են պահում, կարծես՝ հերոսություն են արել. կանգնում ու ասում են՝ մենք չենք արել։ Ինձ ասում էին՝ ամենախիստ պատիժն է հասնելու։ Որ ասում են՝ 18-20 տարեկան են, բա Հայկազը 50 տարեկա՞ն էր, 19 տարեկան էր որդիս։ Բա մարդիկ զարմացել էին, որ 18 տարեկան ու այդքան դաժան սպանություն են արել։ Ես վստահ եմ, որ կաշառք են տվել վերեւներին ու այսպիսի ճառ են նախապատրաստել»։

Նրա խոսքով՝ դա ամենաքիչ պատիժն է այդպիսի ծանր հանցագործության համար։
Անդրադառնալով գործում առկա ապացույցներին՝ Արկադի Բարսեղյանը նշեց, որ գործում ոչ միայն իրեղեն ապացույցներ կան, այլ նաեւ գործով 6 վկաներ կան, որոնք անձամբ են տեսել սպանությունը. «Քննչական կոմիտեն հենց այնպես չի ձերբակալել այդ տականքներին։ Վկաները մանրամասն պատմել են, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։ Իրեղեն ապացույցներ նույնպես կան, բայց նրանք շարունակում են չընդունել իրենց մեղավորությունը։

Դատարանի դահլիճում ամբաստանյալների մեղքը լրիվ ապացուցվել է։ Մինչեւ հիմա պաշտպանական կողմը պնդում է, թե ինքնասպանություն է եղել։ Եթե դատարանը 20 տարի վճռի ամբաստանյալներին, 5 տարի կալանքի տակ են, ստացվում է, որ 15 տարի են նստելու։ Պաշտպաններն էլ համաներման միջնորդություն կներկայացնեն, վաղաժամ ազատման համար գուցե պայքարեն, ու Հայաստանում արդարադատությունն այդպես «կհաղթի»»։

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015 թվականի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված:Սպանության մեջ մեղադրվողները՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Նորիկ Սահակյանը եւ Գնել Թեւոսյանը, Բարսեղյանի ծառայակից ընկերներն են։

Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են գիշերը, անկողնում, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակում։

(Visited 25 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: