Չինական տարբերակով մսով լցոնած սմբուկներ
Սմբուկի ու մսամթերքի համադրությամբ ուտեստներ կան գրեթե բոլոր ազգերի ազգային խոհանոցներում։ Դրանք շատ համեղ են ու յուրահատուկ։
Չինական տարբերակով մսով լցոնած սմբուկների պատրաստման համար անհրաժեշտ են՝
սմբուկ – 1 հատ
աղացած միս (տավարի ու խոզի մսի խառնուրդ) – 300 գ
կանաչ սոխ – 1 կապ
քունջութ – 1 թ․ գ
քունջութի յուղ – 1 ճ․ գ
սոյայի թանձրուկ – 1 ճ․ գ
ձու – 1 հատ
ջուր – 100 մլ
ալյուր – 100 գ
սև պղպեղ – ըստ ճաշակի
բուսայուղ
աղ։
Չինական տարբերակով մսով լցոնած սմբուկների պատրաստման եղանակն է․
սեղանի երկու միանման տախտակների մեջտեղում դրած սմբուկը կտրտել մոտավորապես 3 մմ հաստությամբ շերտերով (տախտակները թույլ չեն տալիս կտրտել սմբուկի շերտերը մինչև վերջ։ Տախտակները կարելի է փոխարինել որևէ այլ առարկաներով։)
Այնուհետև շերտերն իրարից զույգերով առանձնացնել, շարել տարրայի մեջ և վրան աղ ցանել՝ թողնելով, որ դառնությունն արտազատվի։ Այնուհետև ցողել հոսող ջրով ու ջրքամել։
Սմբուկի ավելորդ մնացած կտորները և սոխը մանր կտրտել, ավելացնել աղացած մսի վրա, ավելացնել սոյայի թանձրուկը, քունջութի յուղը, քունջութը, սև պղպեղն ու աղը, լավ խառնել։ Այս խառնուրդից մեկական թեյի գդալ դնել սմբուկներից յուրաքանչյուրի մեջ։
Այնուհետև լցոնած սմբուկները պատել ձվից, ալյուրից ու ջրից պատրաստված ու աղով համեմված թույլ խմորի մեջ ու տապակել տաք բուսայուղով թավայում՝ յուրաքանչյուր կողմից տապակելով 3 – 4 րոպե։
Տապակած սմբուկները շարել թղթե սրբիչի վրա, ապա մատուցել տաք վիճակում։