Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել

Փաշինյանի «նոր Լեքսուսը» Սերժ Սարգսյանի ժամանակ է ձեռք բերվել

Մարտի 2-ին Politik.am լրատվական կայքը հետաքննություն հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Լեքսուս» մակնիշի զրահապատ մեքենայի մասին։

«Պատերազմից հետո Փաշինյանը որոշել է, որ իր անվտանգության համար ավելի մեծ, ավելի զրահապատ մեքենա է անհրաժեշտ։ … Հիմա Փաշինյանը շրջում է նոր զրահապատ մեքենայով՝ Lexus LX 470, 2015 թվականի արտադրության, բայց գնվել է սրահից ըստ ամենայնի։ Այսինքն՝ մոդելը այդ թվականի արտադրության է, բայց նոր մեքենա է»,- գրել է Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին։

Ըստ Մուրազիի, իրենք այդ մեքենայի առկայությունը ֆիքսել են, երբ Փաշինյանն այս տարվա փետրվարի 17-ին դրանով այցելել էր Շիրակի մարզ։ Մուրազին պնդում է, որ մեքենան արժե գրեթե 70,000 դոլար, իսկ դրա ամբողջական զրահապատումը՝ առնվազն 250,000 դոլար։ Այսինքն՝ մեքենան, ընդհանուր առմամբ, արժեցել է շուրջ 320,000 դոլար։

Մուրազիին հակադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ նույն մեքենայով։ «Առաջին նկարում կարող եք տեսնել նկարն անելու պահին ՀՀ նախագահ Մերժվածին և այն մեքենան, որը 320 հազար դոլարով գնելու մեջ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին»,- գրել է Ալեքսանյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե երբ է ձեռք բերվել վեճի առարկա դարձած մեքենան։

Փաշինյանի էջում հրապարակված տեսանյութում, որն արվել է նրա՝ Գյումրի այցելության ճանապարհին մի քանի բնակավայրերում ունեցած հանդիպումների ժամանակ, երևում է Lexus մակնիշի սև գույնի մեքենա, որը, իրոք, զրահապատված է։

Մեքենայի մակնիշը և արտադրության տարեթիվը կարելի է պարզել նույն տեսանյութում երևացող մեքենայի ետևի լուսարձակներից։ Դրանք ոճով համընկնում են մինչև 2015 թվականն արտադրված Lexus LX 570 մակնիշի մեքենայի ետևի լուսարձակների հետ։ Լուսարձակների ոճն արդեն ուրիշ է 2016 թվականի արտարդության նույն մակնիշի մեքենաների դեպքում։ Այսինքն՝ այդ մեքենան թողարկվել է մինչև 2016 թվականը։

Ի դեպ, նույն մեքենան նաև երևում է Փաշինյանի՝ 2018-ի սեպտեմբերին Արցախ կատարած այցի ժամանակ։

Fip.am-ն ուսումնասիրել է նաև Ալեքսանյանի մատնանշած՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի տեսանյութը, որտեղ ևս նույն մակնիշի մեքենա կա։ Տեսանյութն արվել է դեռ 2016-ի դեկտեմբերին։ Այստեղ մեքենան նույն սև գույնի է և ոճով համընկնում է մինչև 2011 թվականի արտադրության Lexus LX 570 մակնիշի մեքենաների հետ։

Վարչապետի աշխատակազմից Fip.am-ին տեղեկացրեցին, որ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած այցը կատարվել է 2009-ին թողարկված Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենայով, որը Պետական պահպանության ծառայության հաշվեկշռում է դեռ 2010-ից:

Այպիսով, Փաշինյանի կողմից օգտագործված Lexus մակնիշի մեքենան ձեռք է բերվել դեռ երկրի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի օրոք։

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: