«Կարող եք չհամաձայնել, բայց բարոյական շատ արժեքներ, որ ունեցել է մեր ժողովուրդը, խարխլել ենք: Քանդել ենք մի շատ կարևոր կամուրջ: Ո՞ւմ է պետք այն հասարակությունը, որտեղ բոլորը գիտնականներ են: Բարձրագույն կրթությունը կիրթ մարդու խորհրդանիշ չէ, խնդիրն այն է, որ ապրելակերպով առողջ մարդ դաստիարակենք: Մեր հասարակության նյութական պակասությունները գալիս են նրանից, որ մենք զրկեցինք մեզ արհեստավորից: Առանց նրա բան դուրս չի գա: Ո՞ւր են հնձվորը, հովիվը… Գնալով պակասում են: Կորցրել ենք շատ արհեստներ, հետն էլ բարոյական արժեքները: Երբեմն պատանեկան հեղափոխական զգացումներ եմ ունենում:
Տեսնում եմ կեղծիքը, ուզում եմ գյուղ գնալ, զբաղվել հողագործությամբ»:
«Մեծ հանցանքը քայքայված տնտեսությունը չէ: Վերջապես, դա արդյունք է: Հանցանքը մարդուս դատարկված հոգին է…
Ծառը տնկում է մեկը, պտուղն ուտում են շատերը: Այդպես է՝ ծառ տնկողն առաքինի է, այդ առաքինի մարդիկ են պակաս»:
«Դպրոցը ես ազգային հոգս եմ համարում: Երբ արվեստագետը, մտավորականը հայերեն չի խոսում ու մտածում, նա ազգային հոգի չունի:
Սա թողած, երբեմն ընկնում ենք մանր-մունր բաների հետևից. պաշտոն, անուն: Մեր մեծերը հասարակական ավելի մեծ նշանակություն, հեղինակություն ունեին, նրանց խոսքը խոսք էր՝ ծանր, արժեքավոր, հասարակական կարծիք ստեղծող: Իսկ հիմա…»
«Գիտելիքը համաշխարհային շուկայում ամենաթանկ ապրանքն է: Գիտելիքը բարոյականություն է, մինչև անգամ՝ ազնվական արտաքին…
Բայց ինչպե՞ս անենք, որ դիպլոմի փոխարեն գիտելիք ունենանք…»
«Երբ մենակ եմ մնում, չեմ փնթփնթում, թե մենք ավելի լավն էինք, քան սրանք: Սարսափում եմ այն մտքից, որ այն վատը, ինչ կա աշակերտի մեջ, գալիս է ծնողներից, ուսուցչից: Ուսուցիչը: Ինչպիսին ես տանը, այնպես էլ դպրոցում պիտի լինես. պարզ, հասկանալի, մարդկային: Խաբել չի կարելի»:«Խախտվում են մարդկային կապերը… Ոչ մի հին ու նոր կառավարություն, ոչ մի հրատարակած օրենք ոչինչ չեն անի, նշանակություն չեն ունենա, եթե հայ մտավորականը չհամարի, որ ժողովրդին նրա հոգևոր արժեքները վերադարձնելը իր գործն է»:
«Ռաբիս… Ռաբիսություն… Քաղհան անող չկա, մոլախոտը կերել է ամեն ազնիվ բան: Ռաբիսությունը աղտոտել է հայոց ազգային երաժշտությունը, ժանգով պատել արվեստը, գրականությունը, կենցաղը, հայոց լեզուն: Երկար տևող հիվանդության պես բան է, որին սովորել ենք, հանդուրժում ենք, դարձրել ենք մերը: Ռաբիսությունը վարքագիծ, պահվածք, մտածելակերպ է: Ամեն տեղ բուսած շոշափուկներով կառչել է հայոց ամբողջականությանը, քաշում է ցած, ցած, ցած… Մինչև ո՞ւր…»
«Սկեսուրից նեղացած հարսի պես կարող ենք թքել ամեն ինչի վրա ու ժամ առաջ դուրս գալ «Մեծ տնից»: Հայավարի կլինի…
Էստեղ մենք հորական տանից բան ունենք բերած: «Մեծ տունը» մեր ունեցվածքը բաժանել է սրան-նրան: Ինքը բաժանել է, ինքն էլ թող հետ տա: Էս ո՞ւր ենք թողնում-գնում…Զավթողի մտքինն էլ հենց դա է՝ խռովենք, մեր ինչքը մնա իրեն…»
«Քաղաքականությունը սիրելով, ատելով չէ. ո՞ւմ շահը կբռնի մերին, ի՞նչ պատճառով կընդունեն կամ կմերժեն մեր բարեկամությունը:
Մեզ չեն սիրում… Իսկ մենք ո՞ւմ ենք սիրում: Մեզ չեն գնահատում… Իսկ մենք ո՞ւմ ենք գնահատում…
Մեր թևատակն ընկնող չկա, ոտքի ել ու քայլիր, եթե կարող ես:
«Ռուսաստանը շահ ունի, որ մնում է աղետյալ գոտում»: Հայտնություն, գյուտ: Ի՞նչ ես կուրծքդ ծեծում, պարոն, ինչո՞ւ ես կոկորդ պատռում: Իսկ ինչո՞ւ չպետք է ունենա: Իսկ ինչո՞ւ ողորմություն ստանանք…
Ազատվենք, բուժվենք ապավինելու հիվանդությունից: Մեր ուժը չի պատի բոլորին ատել: Ատելությունն էլ խավար ազգի հատկությունն է, մենք՝ լուսանանք…»