Ի՞նչ է նյարդային անորեքսիան
Նյարդային անորեքսիան սնման խանգարում է, որը բնութագրվում է հյուծմամբ և ցածր քաշով, գիրանալու կպչուն վախով և նիհար լինելու անկառավարելի ցանկությամբ, որը բերում է սննդի ինքնակամ սահմանափակման։ Իրականում սա ոչ թե նյարդային, այլ հոգեկան խանգարում է, քանի որ հիմքում ընկած է կարծեցյալ գեր լինելու մասին մարդու հիվանդագին (զառանցանքային) համոզվածությունը:
Նյարդային անորեքսիայով մարդիկ կարող են իրենց «տեսնել» որպես ծանր կամ գեր մարմնակազմությամբ, թեև իրականում խիստ հյուծված են և ունեն քշի մեծ կորուստ: Այս մարդկանց ավելորդ քաշի զգացողությունը և սեփական ցածր քաշի ժխտումը, ինչպես նաև քաշի նույնիսկ ամենաչնչին ավելացման նկատմամբ կպչուն վախը բերում են մի վիճակի, երբ նրանք սահմանափակում կամ
ընդհանրապես հրաժարվում են սննդից կամ հետևում են խիստ սահմանափակող սննդակարգերին, որը զուգակցում են նիհարելուն ուղղված չափից դուրս ծանրաբեռնված ու «պատժիչ» ֆիզիկական վարժանքներով: Որոշ մարդիկ կարող են դիմել «մաքրման» միջոցների, օրինակ՝ խմել լուծողականներ, նիհարելու համար նախատեսված հաբեր կամ սնունդ ընդունելուց հետո առաջացնել հարկադիր փսխում:
Նյարդային անորեքսիան ծանր հոգեկան հիվանդություն է և ներառված է «վարքագծային համախտանիշներ՝ կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ» դասում: Սա վարքագծային խանգարում է, երբ մարդիկ վերահսկում են սնունդը որպես իրենց կյանքի տարբեր ոլորտների կառավարման կամ հույզերի հաղթարման միջոց: Այն կարող է բերել թերսնուցման և լուրջ առողջական խնդիրների, որոնք կարող են դառնալ անգամ կյանքին սպառնացող:
Այսպիսի վարքագծերն անառողջ են ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: Անորեքսիան իրականում սննդի մասին չէ. այն հուզական խնդիրների դիմակայման խիստ անառողջ և երբեմն կյանքին սպառնացող ուղի է:
Նյարդային անորեքսիայով մարդիկ կարող են բուժման շնորհիվ իրենց հիվանդությունից լիարժեք վերականգնվել, սակայն կարևոր է, որ այդ բուժումը սկսվի հնարավորինս շուտ: Որքան հիվանդությունը շուտ ախտորոշվեց և բուժվեց, այդքան լավացման հավանականությունը բարձրանում է:
Բուժումը ներառում է ընդհանուր կազդուրիչ միջոցառումներ և զուգահեռ՝ բուժվում հիմնական հոգեկան հիվանդությունը։ Անորեքսիայի բուժումը կարող է նաև օգնել, որպեսզի անձը հասնի իր առողջ քաշին և սկսի զարգացնել առողջ սնման սովորույթներ, ինչպես նաև հաղթահարի ֆիզիոլոգիական կամ հուզական խնդիրները:
Նյարդային անորեքսիայի տեսակները
Տարբերում են նյարդային անորեքսիայի երկու տեսակներ:
Սահմանափակման տեսակ
Նյարդային անորեքսիայի այս տեսակով մարդիկ խիստ սահմանափակում են իրենց սննդի քանակը և տեսակը: Սա կարող է ներառել կալորիաների հաշվարկը, ճաշերը բաց թողնելը կամ սովի մատնվելը, որոշ սննդաթերքներից հրաժարվելը (օրինակ՝ ածխաջրեր), նիհարելու համար նախատեսված հաբեր ընդունելը և կպչուն դարձած կանոններին հետևելը, օրինակ՝ միայն մեկ առանձին գույնի սննդամթերքներ ուտելը:
Վարքագծային այսպիսի խանգարումները կարող են ուղեկցվել խիստ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, օրինակ՝ քաշը նվազեցնելու նպատակով հատուկ վարժանքներին դիմելը:
Շատակերության/մաքրման տեսակ
Նյարդային անորեքսիայի այս տեսակով մարդիկ նույնպես կարող են սահմանափակել իրենց սնունդը: Սակայն սա ուղեկցվում է շատակերությամբ կամ մաքրմամբ:
Շատակերությունը ներառում է ինքնահսկողության կորուստը և մեծ քանակներով սննդի օգտագործումը: Այնուհետև անձը «փոխհատուցում է» այսպիսի սնվելը «մաքրման» միջոցառումներով՝ ստիպողական փսխում, մեծ քանակով լուծողականների, միզամուղների կամ փսխում առաջացնող դեղերի օգտագործում: