Սահմանադրության 141-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:
Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:
Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Պարոն Նիկոլ Փաշինյանին
ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Օնիկ Գասպարյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության վերաբերյալ։
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը՝ վերադարձնում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը՝ ստորև շարադրված առարկություններով:
Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գլխավոր շտաբի պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով:
Սահմանադրությամբ, ինչպես նաև «Պաշտպանության մասին» օրենքով գլխավոր շտաբի պետին օրենքով նախատեսված ժամկետից ավելի վաղ ժամկետում պաշտոնից ազատելու հիմքեր և կարգ նախատեսված չեն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին:
Միևնույն ժամանակ, չի կարող անտեսվել և այն փաստը, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան հայտարարությունը ստորագրվել է նաև գլխավոր շտաբի չորս տասնյակից ավելի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների կողմից: Այս պարագայում գլխավոր շտաբի պետին իր զբաղեցրած պաշտոնից ազատելը կարող է հանգեցնել զինվորական այդ խիստ պատասխանատու կառույցի բնականոն գործունեության էական խաթարմանը՝ դրանից բխող սահմանադրական կարգին սպառնացող վտանգներով: Հարկ է ընդգծել, որ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են ապահովում պետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ