Տարածվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որով ԳՇ բարձրագույն հրամկազմը՝ շտաբի պետի գլխավորությամբ, պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը, կոշտ գնահատական տալով գործողություններին և մասնավորապես ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին ազատելու վարչապետի որոշմանը: Ինչպես հայտնի է, դա հաջորդել էր մամուլում հայտնված մեկնաբանությանը, որում Տիրան Խաչատրյանը խոսել էր «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վերաբերյալ, ըստ մամուլի՝ խոսել էր ծիծաղելով:
ԳՇ-կառավարություն կամ ԳՇ-վարչապետ հակադրությունը վատագույնն է, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, առավել ևս ներկայիս ժամանակահատվածում: «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Հենց հիմա մեր հանրությանը հրավիրում եմ Հանրապետության հրապարակ»,- ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հայտարարել, որ առաջիկայում կդիմի հանրությանն ուղիղ եթերով: Վստահաբար հնարավոր է ասել, որ Հայաստանում հետպատերազմյան սրված քաղաքական իրողությունների գործընթացը հասել է վերջնակետին, և շատ մոտ ապագայում տեղի կունենա հանգուցալուծում:
Իրավիճակը թերևս առանց չափազանցության ճակատագրական է: Հանգուցալուծումը կլինի կա՛մ լրջագույն փոխհամաձայնությամբ՝ առանց բախման դուրս գալու, կա՛մ հակադրությունը խորացնելու ճանապարհով՝ որևէ ուղղությամբ ուժային ելքի տեսքով, որը մեծ հավանականությամբ Հայաստանը ավելի խորը կնետի քաոսի և հոգեբանական անդունդի մեջ:
Չափազանց էական է լինելու ուժային մյուս կառույցների դիրքորոշումն ու դիրքավորումը, թեև ԳՇ հայտարարությունն արդեն իսկ իր մեջ պարունակում է երկրում զինված հեղաշրջման առնվազն ազդարարում: Անկասկած է, որ այդ հանգամանքը փորձելու է օգտագործել նաև այս օրերին հրապարակային պայքարի նոր ալիք սկսած արմատական ընդդիմությունը: Կա՞ ԳՇ քայլի և ընդդիմության պայքարի միջև ուղիղ կապ, թե՞ ոչ՝ դեռևս պարզ չէ, սակայն դա կարող է չունենալ էական նշանակություն:
Միաժամանակ, այստեղ էական հարցերից է թերևս այն, թե արդյոք բարձրագույն հրամկազմի գործողությունները որևէ կապի մե՞ջ են ռուսական այն արձագանքների հետ, որ եղան և շարունակվում են «Իսկանդեր»-ի մասին վարչապետ Փաշինյանի հայտնի աղմկոտ հայտարարությունից հետո: Եվ այդ համատեքստում էլ հարց է առաջանում, թե այդուհանդերձ ինչո՞վ էր թելադրված այդ հայտարարությունը, որը փաստորեն հասունացրեց ճակատագրական և կայծակնային զարգացում Հայաստանում: Ի դեպ, հատկանշական է, որ օրեր առաջ արմատական ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը խոսում էր այն մասին, որ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ իշխանությունը վերցնելուն: Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանը իր հայտարարությամբ կամա թե ակամա խթանել է հենց այդ պլանը: Աստված պահի Հայաստանն ու Արցախը: