Շատերը կհիշեն մանուկ հասակում ծնողների կողմից առավոտյան պարտադրված մի գդալ ձկան յուղը, որը, ինչպես մեր մեծերն էին հավատացնում, առողջ ոսկրերի համար էր ու սուր տեսողության: Իսկ մեծերին նույն ձկան յուղը պաշտպանում է օսթեոպորոզից՝ ոսկրերի փխրունությունից, որի հետևանքները նրանց համար
երբեմն ճակատագրական են լինում: Բայց պարզվում է, որ ձկան յուղն արժեքավոր է ոչ միայն այդ գործառույթներով: Վերջին հետազոտություններով պարզվել է, որ D վիտամինի (այսօր այն նախընտրում են D հորմոն անվանել) ազդեցությունն օրգանիզմի վրա ավելի մեծ է: Կան լուրջ տվյալներ, որ այդ վիտամինը
կանխում է շատ հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղի 16 տեսակ: Խոսքը կրծքագեղձի, շագանակագեղձի, հաստ աղիքի, ենթաստամոքսագեղձի, կերակրափողի, ձվարանների, արգանդի, միզափամփուշտի ու լեղապարկի, ստամոքսի և ուղիղ աղիքի, երիկամների ու այլ քաղցկեղների մասին է: Գիտնականները
ենթադրում են, որ այս վիտամինը նվազեցնում է քաղցկեղն արյունով սնող անոթների առաջացումը, ճնշում այն գեները, որոնք խթանում են քաղցկեղային բջիջների բազմացումը, ամրացնում իմունիտետը, որն իհարկե հսկայական դեր է կատարում քաղցկեղից պաշտպանվելու հարցում: Այս ամենից բացի, D վիտամինը
պաշտպանում է շաքարային դիաբետի երկու տեսակից, սրտի ու հաստ աղիքի հիվանդություններից, արյան բարձր ճնշումից, տուբերկուլյոզից ու ցրված սկլերոզից, ի լրումն՝ թեթևացնում է հոդացավը: Այս վիտամինն օրգանիզմ է մտնում սննդի միջոցով, բացի այդ, մաշկն է սինթեզում: Այս վիտամինի բավարար քանակություն
օրգանիզմում ունենալու համար պետք է արևին զբոսնել, նաև այն պետք է լրացնել սննդի կամ հատուկ դեղամիջոցների օգնությամբ: Մեծ քանակությամբ D վիտամին են պարունակում ձուն, հատկապես՝ դեղնուցը, տավարի ու ձկան լյարդը, ինչպես նաև կաթնամթերքը: Այս վիտամինի անբավարարությունը սպառնալիք է
մանավանդ 45-ն անց մարդկանց դեպքում, քանի որ տարիքի հետ այն դժվարությամբ է ներծծվում աղիքներում: Բանն այն է, որ այս տարիքային խմբի մոտ 6 ամսից ավելի տևող D վիտամինի անբավարարությունը կարող է հանգեցնել օսթեոպորոզի զարգացման, հետևաբար՝ ոսկրերի փխրունության ու հաճախակի կոտրվածքների
վտանգի հավանականության: Բացի դրանից, այդ անբավարարությունը հանգեցնում է ատամնաէմալի թուլացման՝ կարիեսի ու ատամների քայքայման, կարող է անգամ կարճատեսություն զարգանալ, այն էլ՝ հատկապես շատ կարդացողների մոտ: Երեխաների դեպքում D վիտամինն ապահովում է նորմալ աճ ու
ոսկրահյուսվածքի նորմալ զարգացում: Այս վիտամինը կարգավորում է հանքանյութերի փոխանակությունը, նպաստում ոսկրերում ու ատամներում կալցիումի կուտակմանը, նպաստում է մկանային հյուսվածքի և իմունային համակարգի ամրապնդմանը: Առանց D վիտամինի անհնար է վահանագեղձի նորմալ
գործունեությունը կամ արյան նորմալ մակարդելիությունը: D վիտամինն ու արևը Ինչո՞ւ է D-ն արևի վիտամին համարվում, որովհետև հենց արևն է, որ ապահովում է այդ վիտամինի պաշարով: Երբ զբոսնում ենք արևին, օրգանիզմում անտեսանելի գործընթացներ են սկսվում. էպիդերմիսում նախավիտամինն արևի ազդեցությամբ
վերածվում է D3 վիտամինի, այնուհետև այն արյուն ու լյարդ է անցնում: D վիտամինի անբավարարության ախտանշանները. — շուտ հոգնելը, — մկանային թուլությունը, — վերջույթների ծակծկոցը կամ ջղակծկումը, — ոսկրերի փխրունությունը, — ախորժակի ու քաշի անկումը, — անքնությունը, — կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի
խանգարումը: Տարեցների (70-ից բարձր) մաշկը կորցնում է D վիտամին մշակելու հատկությունը: Շատ բժիշկներ կարծում են, որ ծերունական օսթեոպորոզն է, որ հանգեցնում է կոտրվածքների հաճախության: Գյուղացի երեխաները հազվադպ են D վիտամինի անբավարարություն ունենում: Բանն այն է, որ քաղաքներում
օդի արդյունաբերական թափոներով աղտոտվածության պատճառով մթնոլորտը խոչընդտում է ուլտրամանուշակագույն ճառագայթների թափանցումը Երկրի մակերևույթ: Իսկ դա նշանակում է, որ անբավարար քանակությամբ վիտամին է գոյանում, ինչն էլ հանգեցնում է դրա քրոնիկ անբավարարության:
Արևահարված և տարեցների մաշկը կորցնում է D վիտամին սինթեզելու ունակությունը, ուստի պետք է հատկապես առավոտյան ժամերին ու երեկոյան չափավոր արևահարվել: Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ առանց հագուստի արևի տակ անցկացրած 30 րոպեում օրգանիզմը 100 անգամ շատ վիտամին է արտադրում, քան պետք է, և դա չի հանգեցնում այդ վիտամինի ավելցուկի: