Սթրեսը կրակի նման է, կարող է ոչնչացնել մարդուն, բայց կարող է նաեւ օգուտ բերել, կախված այն բանից, թե արդյոք մենք ենք կառավարում սթրեսը, թե նա մեզ: Հոգեկան առողջության հարցերի վերաբերյալ բաց դասախոսության ընթացքում նման համեմատություն է արել Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանը:
Նա հիշեցրել է, որ տեսություններից մեկի համաձայն, մարդը մարդ է դարձել հենց այն ժամանակ, երբ իրեն է ենթարկել կրակը: Եվ այսօր կառավարվող կրակը մարդուն ջերմություն, սնունդ եւ պաշտպանություն է տալիս, իսկ անկառավարելին կարող է այրել նրա ունեցվածքն ու իրեն էլ հետը: Ճիշտ այդպես էլ սթրեսը կարող է մարդուն ավելի ուժեղ դարձնել, բայց կարող է նաեւ աղետալի հետեւանքներ ունենալ:
Ի՞նչ բան է սթրեսը: Հոգեբույժի խոսքով, սթրեսի տեսության հիմնադիր Հանս Սելյեի ձեւակերպման համաձայն, դա մարդու օրգանիզմի ունիվերսալ հակազդեցությունն է արտաքին ազդակներին: Սթրեսը մարդու օրգանիզմի հարմարվողական բացառիկ հակազդեցությունն է իր համար վտանգավոր կամ անորոշ իրավիճակներին, երբ
տվյալ կոնկրետ իրավիճակում անհնար է կիրառել նախկին փորձը: Սթրեսը մարդու մոտ ի հայտ է գալիս իր համար բարդ իրավիճակում, բարձր ռիսկի, ցեյտնոտի, իրական եւ հավանական կոնֆլիկտի առկայության պարագայում: Այստեղ շատ կարեւոր է նկատել, պարզաբանել է Արմեն Սողոյանը, որ մարդու մոտ սթրեսը, ի
տարբերություն կենդանականի, կարող է առաջանալ դեռեւս տեղի չունեցած, հավանական կոնֆլիկտից: «Սթրեսը պահվածքի պաշտպանական մեխանիզմ է, որն ուղեկցվում է նյարդային, իմունային, սիրտ-անոթային եւ մկանային համակարգերի մոբիլիզացիայով եւ հոգեկան լարում է առաջ բերում», — ձեւակերպել է Արմեն Սողոյանը:
Կրակի հետ համեմատության մեջ նա նշել է, որ միայն սթրեսը համապատասխան եղանակով կառավարելու դեպքում մարդը կարող է խուսափել դրա աղետալի հետեւանքներից: Բայց հնարավո՞ր է ամբողջությամբ կառավարել սթրեսը: Հնարավոր է սթրեսը կառավարել, եթե մենք գիտակցությունը մարզում ենք մինչեւ
անգիտակցականի աստիճան: 100 տոկոսով դա հաջողվում է միայն հազվագյուտների` յոգերի կամ լամաների, բայց բոլորը պիտի փորձեն մարզել իրենց գիտակցությունը, պնդում է հոգեբույժը:
Արմեն Սողոյանը ներկայացրել է սթրեսի դասական բանաձեւը. սթրես = իրավիճակի սթրեսածինության աստիճան/ սուբյեկտի վիճակ: Իրականում մարդու պարագայում ամեն ինչ անհամեմատ ավելի բարդ է, եւ սուբյեկտիվ գործոնը, այն է` իրավիճակն ադեկվատ կերպով գնահատելու կարողությունը եւ սեփական ուժերի
հանդեպ վստահությունը շատ մեծ դեր են խաղում: Այդ պատճառով ավելի ճիշտ կլինի այդ բանաձեւը հետեւյալ կերպ ներկայացնել. սթրես = իրավիճակի սթրեսածինության աստիճան գումարած իրավիճակի գնահատական / վիճակ գումարած ինքնավստահություն: Այդ բանաձեւից ելնելով` հնարավոր է երկու ուղղությամբ կառավարել սթրեսը. նվազեցնել իրավիճակի սթրեսածինությունը եւ վերահսկել սեփական վիճակը:
Ինչպես նշել է Արմեն Սողոյանը, որքան էլ փորձենք, անհնար է լիովին զերծ մնալ սթրեսային իրավիճակներից: Այդ պատճառով, կառավարումից բացի, շատ կարեւոր են սթրեսից հետո վերականգնման մեխանիզմները, որոնք ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն են ենթադրում, շնչառական վարժություններ, ճիշտ սննդակարգ եւ այլն: