Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնում հռետորաբանության փոփոխությանը, Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մեջ գործնական տեղաշարժեր չեն եղել, հաղորդում է Tasnim-ը:
Իր ելույթի ժամանակ, որը նա ունեցել է այն արարողությանը, որտեղ ներկայացվել են առողջապահության նախարարության մի շարք ազգային նախագծեր, Ռոհանին մեկնաբանել է Իրանի դեմ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված քայլերը:
«Մենք բարի կամք չենք տեսել ԱՄՆ նոր վարչակազմի կողմից: Հռետորաբանությունը փոխվել է, բայց գործնականում փոփոխություններ չեն եղել»,- ասել է Իրանի նախագահը:
Նա նշել է, որ եթե Վաշինգտոնի նոր վարչակազմն իր կարգախոսներում անկեղծ է, ապա այն պետք է անմիջապես սկսի նոր ճանապարհ եւ լրացնի բաց թողածը:Ռոհանին ընդգծել է, թե աշխարհում ոչ ոք չի կասկածում, որ Իրանի հետ տնտեսական պատերազմը եւ իրանցի ժողովրդի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը անհաջողության են մատնվել, եւ կոչ է արել Վաշինգտոնին փոխել իր մոտեցումը ԻԻՀ-ի նկատմամբ: